«Խաղաղության խաչմերուկ. միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովում խոսելով «Խաղաղության խաչմերուկ» նախագծի մասին՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տարածաշրջանային հաղորդակցությունների բացման համատեքստում անդրադարձավ նաև Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապին՝ ընդգծելով, որ Հայաստանը պատրաստ է տրամադրել այդ կապը:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց՝ Բաքուն ասում է՝ եթե Հայաստանն իր պայմաններով չի ցանկանում կապ տրամադրել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև, ապա իրենք այդ կապի համար կօգտվեն Իրանի տարածքից:
Ըստ Փաշինյանի՝ այդ խոսույթն ինքնին նշանակում է, որ Ադրբեջանի համար ընդունելի են այն պայմանները, որոնք առաջարկում է Իրանը՝ Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապն ապահովելու համար։
«Սա նշանակում է, որ Ադրբեջանի համար դա ընդունելի տարբերակ է, որովհետև հիմա նաև մեծ գումարներ են ծախսվում այս կապուղիներն օգտագործելու և լավարկելու համար: Ակնհայտ է, որ այդ տարբերակն ընդունելի է Ադրբեջանի համար: Եվ մենք էլ ասում ենք, որ Հայաստանը պատրաստ է ճշգրիտ նույն պայմաններով ապահովել Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև կապը: Սա շատ կարևոր շեշտադրում է իրադրությունը պարզաբանելու համար: Ավելին՝ մենք ասում ենք, որ ահա, այս կապի համար պատրաստ ենք իրականացնել անցման և հսկողությունների որոշակի պարզեցումներ՝ երկրների փոխադարձության, հավասարության, ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ դա շատ կառուցողական առաջարկ է:
«Պիտի ընդգծեմ նաև, որ մենք ամենևին էլ չենք կարող բացասական արտահայտվել Իրանի տարածքով այդ կապուղիները զարգացնելու վերաբերյալ, որովհետև նախ՝ Իրանը Հայաստանի հարևան ու բարեկամ երկիրն է, և երկրորդ՝ դա երկու երկրների ինքնիշխան հարաբերությունների հարց է, և ՀՀ-ն որևէ նկատառում ունենալ չի կարող և կարող է միայն հաջողություններ մաղթել տրանսպորտային հետագա ենթակառուցվածքների զարգացման գործում»,- նշեց վարչապետը:
Նրա խոսքով՝ շատ կարևոր է հասկանալ, թե «Խաղաղության խաչմերուկ» նախագծի վերաբերյալ ինչ նկատառումներ ունեն այլ երկրները:
«Իմ վերլուծությամբ՝ ի՞նչ է մտածում Ռուսաստանի Դաշնությունը։
Տարանցիկ ուղիները հասկանալիորեն շատ էական և՛ տնտեսական, և՛ քաղաքական նշանակություն ունեն, այդ թվում՝ արտաքին քաղաքական նշանակություն։ Եվ Ռուսաստանի Դաշնությունը կարող է ունենալ մտահոգություն, որ այդ ամբողջ հոսքերը այս տարածքով անցնելն իր համար կարող է լինել ընդունելի, եթե ինքը շարունակի որոշակի ազդեցություն ունենալ այդ հոսքերի կառավարման վրա։ Ինչ չափի ազդեցություն՝ էական չէ։ Եվ սա էլ է գործոն, որը մենք պետք է հաշվի առնենք»։
Անդրադառնալով արևմտյան մի շարք երկրների, գործընկերների շահագրգռություններին՝ վարչապետը ներկայացրեց իր տպավորությունները:
«Իմ տպավորությամբ՝ հասկանալի է, որ արևմտյան երկրների համար այս ճանապարհը, գոնե առայժմ, լավատեսության ոչ մի հիմք չի տալիս, բայց նրանց համար խնդրահարույց է: Նրանք չեն ուզում, որ հոսքերը հիմնականում հոսեն Իրանի Իսլամական Հանրապետության տարածքով՝ հարաբերությունների մի շարք հանգամանքների պատճառով: Սա էլ գործոն է, որը պետք է ուղղակի մտքում ունենալ:
Ի՞նչ է ուզում Իրանի Իսլամական Հանրապետությունը: Իրանն այն քիչ երկրներից է, որ հստակ աջակցություն է ցուցաբերում «Խաղաղության խաչմերուկ» նախագծին»,- ասաց Փաշինյանը։
Ինչ վերաբերում է Թուրքիայի դիրքորոշմանը՝ նշեց՝ Թուրքիայի դիրքորոշումները կարող են համադրվել Հայաստանի դիրքորոշումների հետ:
«Ըստ էության, «Խաղաղության խաչմերուկ»-ը կարող է ռեալ ինտեգրվել Միջին միջանցքի հետ, որը Թուրքիայի արտաքին քաղաքական կարևորագույն թեմաներից մեկն է: Դա շատ բնականոն ինտեգրում է: Մենք ոչ թե նախագիծը ստեղծել ենք՝ նկատի ունենալով, որ այն պետք է ինտեգրել Միջին միջանցքի նախագծի հետ, այլ այն բնական ճանապարհով ինտեգրվում է դրա հետ»,- ասաց Փաշինյանը: