ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն ու Իտալիայի վարչապետը դատապարտել են Իսրայելի հարձակումը խաղաղապահների վրա

ԱՄՆ-ի և Ֆրանսիայի նախագահներն ու Իտալիայի վարչապետը դատապարտել են Իսրայելի հարձակումը խաղաղապահների վրա

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Իսրայելից պահանջել է այլևս չհարձակվել Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահների վրա։ ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը Իսրայելի իր գործընկեր Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում հայտարարել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) անդամների անվտանգությունն ապահովելու անհրաժեշտության մասին։

Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին քննադատել է իսրայելցի զինվորականների գործողությունները՝ հայտնում է Sole 24 Ore-ն։

«Իտալիայի կառավարությունը խիստ բողոք է հայտնել Իսրայելին»,- ասել է նա՝ Իսրայելի պաշտպանության բանակի գործողություններն անվանելով «անընդունելի»:

Մելոնին հավելել է, որ ծրագրում է համատեղ հայտարարություն պատրաստել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ՝ միջադեպի առնչությամբ։

Լիբանանում իսրայելական զինվորականների կողմից ՄԱԿ-ի խաղաղապահների թիրախավորման առիթով մտահոգություն է հայտնել նաև Փարիզը: Էմանուել Մակրոնը հայտարարել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) հրթիռակոծման անթույլատրելիության մասին՝ հայտնում է BFMTV-ն։

«Մենք դա դատապարտում ենք, չենք հանդուրժի, որ կրկնվի»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Էմանուել Մակրոնը կրկին հորդորել է դադարեցնել Իսրայելին այնպիսի զինատեսակների մատակարարումները, որոնք ՑԱՀԱԼ-ը կարող է օգտագործել Գազայի հատվածում: Միևնույն ժամանակ նա հավելել է. «Սա ոչ թե Իսրայելը զինաթափելու, այլ ցանկացած հետագա ապակայունացում կանխելու կոչ է»: Ֆրանսիայի նախագահը համոզմունք է հայտնել՝ Լիբանանում և Գազայում խաղաղությունը հնարավոր է միայն դիվանագիտական ճանապարհով:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 11-ին Լիբանանի Նաքուրա քաղաքում ՅՈՒՆԻՖԻԼ-ի կենտրոնակայանի մոտ պայթյուններ են տեղի ունեցել, որոնց հետևանքով երկու խաղաղապահ է վիրավորվել։ Իսրայելական կողմը հայտարարել է, որ Լիբանանում ՄԱԿ-ի խաղաղապահ շտաբի տարածքում գտնվող շինությունը պատահաբար է հայտնվել թիրախում։ «Իսրայելցի զինվորականները անմիջական սպառնալիք են տեսել և պատասխան կրակ բացել: Վտանգի աղբյուրը եղել է խաղաղապահներից 50 մետր հեռու»,- ասվում է ՑԱՀԱԼ-ի հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ միջադեպից մի քանի ժամ առաջ իսրայելական կողմը ՄԱԿ-ի խաղաղապահներին հորդորել է ապաստարան տեղափոխվել: