Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է. Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆ

Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը Ադրբեջանի պաշտոնակից Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպմանը շնորհավորել է Գաֆարովային պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ և նշել, որ խորհրդարանական բարեկամության խմբերն արդեն ձևավորվել են, և ժամանակն է, որ երկու երկրի խորհրդարանները շարժվեն հարաբերությունների խորացման ուղղությամբ: Նա շեշտել է, որ Իրանի քաղաքականությունը հարևանների հետ հարաբերությունների խորացումն է: «Հավատացած ենք, որ Իրանն ու հարևան երկրները տնտեսական ու քաղաքական հարաբերությունների զարգացման համար պետք է հետևեն բարիդրացիականության քաղաքականությանը, քանի որ  այս բոլոր երկրների զարգացումն ու բարգավաճումը տարածաշրջանը կարող է տանել խաղաղության հաստատման»:

Մատնանշելով կրոնական, մշակութային, հասարակական ընդհանրությունները, որոնց պատճառով Ադրբեջանը կարևորվում է Իրանի համար՝ Ղալիբաֆը նշել է. «Այս կարողությունները հնարավորություն են տալիս երկու երկրին շարժվել հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ»:

Անդրադառնալով Կովկասին և «3+3» ձևաչափին՝ Ղալիբաֆն ընդգծել է. «Մենք պետք է խնդիրները լուծենք տարածաշրջանի երկրների միջև բանակցությունների միջոցով, և նման հարցերում արտաքին ու տարածաշրջանից դուրս երկրների միջամտությունըորքան շատ լինի, այնքան ավելի քիչ արդյունք կստանանք մարտահրավերները լուծելու հարցում»: Ղալիբաֆը նաև կոչ է արել հետամուտ լինել տարածաշրջանի խնդիրների լուծման համար «3+3» ձևաչափով առաջին հանդիպման անցկացմանը և նշել. «Մենք չպետք է թույլ տանք, որ տարածաշրջանը մեծ տերությունների հակամարտության վայրի վերածվի, այդ իսկ պատճառով պետք է վճռականորեն առաջ տանենք այս հարցը և թույլ չտանք, որ օտար երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Եվրոպայի, ՆԱՏՕ-ի համար տեղ բացվի այս տարածաշրջանում»:

Շարունակելով՝ Ղալիբաֆը տարածաշրջանում Իսրայելի գործողություններն անվանել է հակաիսլամական, հակամարդկային արարք և հավելել. «Մենք բոլորս պարտավոր ենք որպես մարդ, մուսուլման աջակցել այն կանանց և երեխաներին, որոնք ամեն օր սպանվում են, այն ընտանիքներին, որոնք տեղահանվում և անօթևան են մնում: Չպետք է այս հարցերի առնչությամբ անտարբեր լինենք»: Իրանի խորհրդարանի նախագահը նաև ընդգծել է Գազային և Լիբանանին հումանիտար օգնություն հասցնելու անհրաժեշտությունը:

Ադրբեջանի խորհրդարանի ղեկավարն իր հերթին կարևորել է Իրանի հետ հարաբերությունների, այդ թվում՝ խորհրդարանական կապերի ամրապնդումը: Նա նշել է, որ երկու երկրի կառավարությունները շարժվում են հարաբերությունների զարգացման ուղղությամբ: Անդրադառնալով Մերձավոր Արևելքում իրադրությանը՝ Գաֆարովան ասել է. «Որպես ադրբեջանցի՝ լիովին հասկանում եմ այս տարածաշրջանում տեղի ունեցող ողբերգությունների խորությունը, քանի որ դա մենք մեր մաշկի վրա ենք զգացել և կարծում ենք, որ 21-րդ դարը նման ողբերգությունների և սպանությունների տեղ չէ»: