ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

Էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխարինել Ուկրաինայով մատակարարվող ռուսական գազը՝ հունվարին պայմանագրի ժամկետի ավարտից հետո:

«Ես հաստատել եմ, որ մենք պատրաստ ենք Ռուսաստանի և «Նավթոգազի» միջև պայմանագրի ավարտին: Կան 14 միլիարդ խորանարդ մետր ռուսական գազին փոխարինող տարբերակներ»,- մեջբերել է նրա խոսքերը Reuters-ը։ Սիմսոնը հավելել է, որ ռուսական գազի շարունակական օգտագործման համար «ոչ մի արդարացում» չկա։ «ԵՄ-ն կարող է ապրել առանց ռուսական գազի»,- ասել է նա: Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ Եվրամիությունը լրջորեն նվազեցրել է իր կախվածությունը ռուսական գազից Ուկրաինայի պատերազմի ժամանակ և պատրաստ է ամբողջությամբ հրաժարվել դրանից։

Չնայած Ուկրաինայում շարունակվող պատերազմին՝ Ռուսաստանի Դաշնությունից գազը շարունակում է Եվրոպա հոսել Կիևի կողմից վերահսկվող տարածքներով՝ հինգ տարի առաջ ռուսական «Գազպրոմի» և ուկրաինական «Նավթոգազի» միջև կնքված համաձայնագրի համաձայն: Համաձայնագրի ժամկետը լրանում է 2024 թվականի դեկտեմբերին։

Հուլիսին գերմանական Handelsblatt տնտեսական թերթը գրել էր, որ եվրոպական մի քանի երկիր աշխատում է Ուկրաինայի տարածքով ռուսական գազի մատակարարումները ԵՄ շարունակելու ուղղությամբ։ Սակայն օգոստոսի 30-ին Վոլոդիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայլո Պոդոլյակը հայտարարել է, որ Կիևը մտադիր է 2025 թվականի հունվարի 1-ից դադարեցնել գազի մատակարարումը Ռուսաստանից Եվրոպա։