Մահացել է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող՝ Էրդողանի հակառակորդ, Ֆեթուլլահ Գյուլենը

Մահացել է Թուրքիայում հեղաշրջման փորձի համար մեղադրվող՝ Էրդողանի հակառակորդ, Ֆեթուլլահ Գյուլենը

ԱՄՆ-ում 83 տարեկան հասակում մահացել է Թուրքիայում ահաբեկչական ճանաչված FETO կազմակերպության ղեկավար, հասարակական և կրոնական գործիչ Ֆեթուլլահ Գյուլենը։ Այս մասին հայտնում են CNN Turk-ը և Habertürk-ը։

Իր կենդանության օրոք Գյուլենը համարվում էր Թուրքիայի երկրորդ ամենաազդեցիկ մարդը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանից հետո։ Նրան հաջողվեց ստեղծել հզոր իսլամական շարժում, որն ունի միլիոնավոր համախոհներ ամբողջ աշխարհում:

Թուրքիայի իշխանությունները Գյուլենին համարում են երկրում 2016 թվականի հուլիսի 16-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի կազմակերպիչը։ Մի քանի տարի շարունակ նրա կողմնակիցների զանգվածային ձերբակալություններ էին իրականացվում։

Գյուլենը, որը 1999 թվականից բնակվում է ԱՄՆ-ում, հերքել է իր մասնակցությունը հեղաշրջմանը: 2018 թվականին Թուրքիայի իշխանությունները ձերբակալության օրդեր են տվել FETO շարժման ութ անդամի, այդ թվում՝ Գյուլենի նկատմամբ` կապված 2016 թվականին Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կառլովի սպանության հետ։ Վերջին տարիներին Թուրքիան անհաջող կերպով ձգտում էր ԱՄՆ-ից նրա արտահանձնմանը։