Խորհրդարանը քննարկում է Կառավարության ներկայացրած՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի և Հայաստանի միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին կանոնակարգը վավերացնելու մասին օրենքի նախագիծը:
Հակիրճ ներկայացնելով կանոնակարգի բովանդակությունը՝ հիմնական զեկուցող, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հայտնեց՝ այն ստորագրվել է 2024 թ. օգոստոսի 30-ին՝ երկու երկրների փոխվարչապետների կողմից:
Անդրադառնալով երկու երկրների հանձնաժողովների ստեղծման նախապատմությանը՝ նշեց՝ հարկ է փաստել, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում, 2022 թվականի ապրիլի 6-ին Բրյուսելում, և 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների մասնակցությամբ հանդիպումների ընթացքում կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել՝ քայլեր ձեռնարկել Հայաստան-Ադրբեջան սահմանային կայունության և անվտանգության մակարդակի բարձրացման ուղղությամբ, և ստեղծել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողով:
«Կանոնակարգի տեքստը, կարծում եմ, տալիս է բոլոր հարցերի պատասխանը: Գործընթացի կառուցվածքը հետևյալն է՝ ներպետական ընթացակարգեր Հայաստանի Հանրապետության օրենսդրության համապատասխան, կանոնակարգը պետք է անցնի Հայաստանում, Ադրբեջանի օրենսդրության համաձայն, ներպետական ընթացակարգեր կանոնակարգը պետք է անցնի Ադրբեջանում, որից հետո փոխանակվում են ծանուցումներ, որոնց փոխանակման օրվանից կանոնակարգը համարվում է երկկողմանի ստորագրված»,- ևս մեկ անգամ ԱԺ ամբիոնից պարզաբանեց փոխվարչապետը՝ ընդգծելով՝ ոչ մի խնդիր չի տեսնում գործընթացում և հավատում է այդ գործընթացին:
Նրա խոսքով՝ ընդդիմության պնդումները ճիշտ չեն:
«Իրոք՝ սա կդառնա պարտադիր՝ իմպերատիվ ՀՀ-ի համար, երբ տեղի ունենա ծանուցումների փոխանակումը»,- պարզաբանեց Գրիգորյանը:
Նրա խոսքով՝ այս կանոնակարգի բովանդակության հիմնական, կարևոր բաղադրիչներից է հանգամանքը, որ բոլոր հարցերը հանձնաժողովները լուծում են կոնսենսուսով:
«Չկա մի իրավիճակ, որը վերաբերելի կլինի մեր կողմին կամ Ադրբեջանի կողմին, որի պարագայում կողմերը կդնեն պահանջ: Կոնսենսուսային քննարկումների ընթացքում բոլոր հարցերը պետք է պարզաբանվեն, արձանագրվեն, որից հետո նոր մենք պատրաստ կլինենք որոշում կայացնել: Իհարկե, բոլոր իրավիճակները հնարավոր չէ նկարագրել, որովհետև 12.7 կիլոմետրի մեր փորձը ցույց տվեց, որ դետալները և հանգամանքներն ու ի հայտ եկող խնդիրները շատ-շատ են: Եթե կա հնարավորություն՝ այդ խնդիրները քննարկել կոլեգիալ և գալ կոնսենսուսի, ավելի ճիշտ համարեցինք, որ ոչ թե այդ ամենը նկարագրենք, ծանրաբեռնենք, այլ ուղղակի ֆիքսենք, որ այս աշխատանքը կոնսենսուսային է, որպեսզի նմանատիպ հարցերը ավելի մանրամասն քննարկվեն և արձանագրությամբ ամրագրվեն, որից հետո տվյալ հատվածի արձանագրությունը պետք է դառնա մեծ արձանագրության մաս՝ նկարագրության, որն էլ իր հերթին դառնում է ապագայում կնքվելիք պետական սահմանի մասին պայմանագրի անբաժանելի մաս»,- ասաց Գրիգորյանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանի հարցին՝ արդյո՚ք հնարավոր է՝ կանոնակարգի իրականացման ընթացքում էսկալացիոն ռիսկեր լինեն, կանոնակարգը դադարելո՞ւ է գործել էսկալացիայից հետո:
«Պե՞տք է կանոնակարգում նշվի, որ օրինակ՝ որևէ ռազմական գործողություն չպետք է նախաձեռնվի մինչև սահմանագծումը ավարտվելը: Միջազգային պրակտիկայում կա՞ նման բանց»,- հարցրեց պատգամավորը:
«Կարծում եմ՝ կանոնակարգի հիմնական գործառույթն այն է, որ վեճերը լուծվեն ոչ թե ռազմական գործիքակազմով կամ ուժային, այլ այն հարթակում, որը հավանության արժանանալու պարագայում կստեղծվի: Այդ դեպքում, իմ կարծիքով, շատ տարօրինակ կլինի, որ այս կամ այն վիճելի խնդիրը կողմերը լուծեն ռազմական ճանապարհով:
Մենք առիթ չենք տվել, որպեսզի նման բան տեղի ունենա, որովհետև մեր նախորդ հանդիպումները բավարար են գնահատական տալու համար, որ հանձնաժողովների հանդիպումների միջոցով խնդիրների լուծման ձևաչափն արդյունավետ է և աշխատող: Երկու երկրների պարագայում էլ, եթե կա աշխատող ձևաչափ, և աշխատող ձևաչափի մեխանիզմի առկայության պարագայում տեղի է ունենում ռազմական գործողություն, դա բացատրություն չի ունենալու: Ավելին ասեմ՝ լինելու է դելեգիտիմ:
Այո՛, վեճերի լուծման մեխանիզմ չկա, որովհետև մենք համարել ենք, որ այս խնդիրը պետք է լուծել երկկողմ բանակցությունների միջոցով՝ առանց որևէ միջնորդի»,- շեշտեց փոխվարչապետը: