Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել՝ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով. Գրիգորյան

Մեր քաղաքացիները կարող են վստահ լինել՝ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով. Գրիգորյան

Քաղաքացիներին մեր այսօրվա ասածը հետևյալը պետք է լինի. լավ է, որ ձևավորվում է մեխանիզմ, որովհետև սա երաշխիք է, և մեր քաղաքացիները առնվազն մեկ բանում կարող են վստահ լինել, որ պրոբլեմային խնդիրները լուծվելու են քաղաքակիրթ բանակցությունների միջոցով՝ իրենց համար հասանելի տեղեկատվության և հրապարակումների միջոցով, այլ ոչ թե անսպասելի ռազմական կամ ուժային ճանապարհով: Այս մասին խորհրդարանում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը վավերացնելու հարցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանի հարցին:

Վերջինս հարց ուղղեց Սյունիքի մարզում սահմանազատման ու սահմանագծման բարդ հատվածների մասին: Պատգամավորը մասնավորապես հետաքրքրվեց Ջերմուկի, Սրաշենի, Ներքին Հանդի հատվածներում ՀՀ սուվերեն տարածք ներխուժման վերաբերյալ: 

«Քննարկվե՞լ են այդ տարածքների նկատմամբ Ադրբեջանի մոտեցումները»,- հարցրեց պատգամավորը: 

Մհեր Գրիգորյանի խոսքով՝ հարցը շատ կարևոր է, սակայն պատասխանելիս ինքը փոքր-ինչ կաշկանդվածություն ունի:

«Որովհետև մինչ օրս պահպանվել է այն կանոնը, որ ունենք պայմանավորվածություն հանձնաժողովներով, և երկու կողմից էլ, կարծես, պահպանվում է, որ այս կամ այն հատվածի վերաբերյալ որևէ մեկնաբանություն չտանք, եթե միասին չենք քննարկել և չենք հրապարակել դրա վերաբերյալ կողմերի դիրքորոշումները»,- ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ պայմանավորվել են հանրային խոսքում սահմանազատման դետալների, քննարկումների արդյունքների մասին սահմանափակված լինել։

Նա նշեց, որ գործընթացը զգայուն է ոչ միայն ՀՀ-ում, այլ նաև Ադրբեջանում։