Դաշնակցությունն անկեղծ չէ քաղաքացիների հետ և չի ասում՝ ինչն է պատճառը, որ չի մասնակցում քվեարկությանը. Սոնա Ղազարյան

Դաշնակցությունն անկեղծ չէ քաղաքացիների հետ և չի ասում՝ ինչն է պատճառը, որ չի մասնակցում քվեարկությանը. Սոնա Ղազարյան

Երկու քառօրյա անց և տասնյակ դաշնակցական ելույթներ անց շրջաբերականի փաստը չի հերքվում: Հետաքրքիր է, որ Դաշնակցությունն անկեղծ չէ քաղաքացիների հետ և չի ասում՝ ինչն է պատճառը, որ չեն մասնակցում այսօր քննարկմանը և քվեարկությանը ( ««Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին» կանոնակարգը վավերացնելու մասին» օրենքի նախագիծ – խմբ.): Այս մասին խորհրդարանում հայտարարեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը: 

«Ըստ նրանց՝ սահմանազատված, սահմանագծված, այլ կերպ ասած՝ պետական սահմանը չի բխում ՀՀ շահից:

Տարօրինակ է, որովհետև նման պնդումներ ավելի հաճախ լսում ենք այլ՝ երրորդ պետությունների կողմից: Մի կողմից «Հայաստան» դաշինքը պնդում է, որ սա կործանարար փաստաթուղթ է, բայց մյուս կողմից` մտավախություն ունի, որ Ադրբեջանը չի մասնակցի և չի վավերացնի այս կործանարար փաստաթուղթը: 

Տարօրինակ է նաև, որ «Հայաստան» դաշինքը կողմ չէ, որ Ալմա Աթայի հռչակագիրը հիմք հանդիսանա սահմանազատման-սահմանագծման գործընթացին: Տարօրինակ է, որ ընդդիմությունը կողմ չէ, որպեսզի ՀՀ-ն ունենա պետական սահման»,- ասաց Ղազարյանը: 

Նրա խոսքով՝ այդ ամենը վկայում է, որ ընդդիմության փաստարկները սին են, և դա քննադատություն է հանուն քննադատության: 

«Նպատակը մեկն է՝ Հայաստանին ներգրավել հերթական ագրեսիայի մեջ, որովհետև ինչքան վատ Հայաստանի Հանրապետությանը, այնքան լավ ընդդիմությանը: Սա հակիրճ՝ ինչ պետք է իմանալ ընդդիմության համար»,- հայտարարեց պատգամավորը:

Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանի սեպտեմբերի 26-ի որոշմամբ՝ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգում ամրագրված պարտավորությունները համապատասխանում են Սահմանադրությանը:

Կանոնակարգի օրենքի նախագիծը Կառավարությունը հաստատել էր սեպտեմբերի 5-ին:

Կանոնակարգը ստորագրվել է օգոստոսի 30-ին: