ԱՄՆ պետքարտուղարը ողջունել է Մոլդովայի ժողովրդին՝ հանրաքվեի և նախագահի ընտրության առաջին փուլի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարը  ողջունել է Մոլդովայի ժողովրդին՝ հանրաքվեի և նախագահի ընտրության առաջին փուլի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է Մոլդովայի ժողովրդին՝ նախագահի ընտրությունում և ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեում բարձր մասնակցության և իր ապագան ինքնուրույն ընտրելու համար:

«Միացյալ Նահանգները շնորհավորում է Մոլդովայի ժողովրդին՝ երեկ միաժամանակյա տեղի ունեցած նախագահի ընտրության և ԵՄ-ին անդամակցելու հանրաքվեի ժամանակ ռեկորդային թվով իրենց ձայնը լսելի դարձնելու համար։ Մոլդովայի կառավարությունը և Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապահովեցին, որ ընտրությունները լինեն լավ կազմակերպված ու մրցակցային՝ չնայած գործընթացի ամբողջականությունը խաթարելու՝ Ռուսաստանի լուրջ փորձերին, ինչպես նշում է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը: Բախվելով Ռուսաստանի աննախադեպ փորձերին՝ զրկել Մոլդովայի ժողովրդին իր ապագան ինքնուրույն ընտրելու իրավունքից, մոլդովացիների մեծամասնությունը քվեարկեց Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին՝ արագացնելու հանրապետության անդամակցությունը ԵՄ-ին:

Ռուսաստանն իր ուժերի ներածին չափով ամեն ինչ արեց ընտրությունն ու հանրաքվեն խափանելու, Մոլդովայում ժողովրդավարությունը խաթարելու համար, այդ թվում ՝ ապօրինի ֆինանսավորման և ընտրակաշառքի, ապատեղեկատվության ու կանխամտածված կիբերգործունեության միջոցով: Մոլդովայում նոյեմբերի 3-ին կայանալիք նախագահի ընտրության երկրորդ փուլի նախաշեմին Միացյալ Նահանգները շարունակում է մտահոգվել, որ Ռուսաստանը կրկին կփորձի խանգարել մոլդովացիներին՝ իրացնելու իրեն ղեկավարներին ընտրելու ինքնիշխան իրավունքը», ասվում է Բլինքենի ուղերձում:

ԱՄՆ պետքարտուղարը վստահեցրել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Մոլդովայի ջանքերին՝ նոյեմբերի 3-ին ապահովելու վստահելի, թափանցիկ և ժողովրդավարական գործընթաց: «Մեր դաշնակիցների և գործընկերների հետ Միացյալ Նահանգները կանգնած է Մոլդովայի ժողովրդի կողքին՝ ապահով, բարգավաճ և ժողովրդավարական ապագա ունենալու նրա ձգտումներում»,-հավելել է ԱՄՆ արտաքին գերատեսչության ղեկավարը: