Առաջարկվում է երկարաձգել զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության համաձայնագրի գործողության ժամկետը

Առաջարկվում է երկարաձգել  զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության համաձայնագրի գործողության ժամկետը

Օրենքի նախագծով նախատեսվում է վավերացնել 2000 թվականի հուլիսի 24-ին Վաշինգտոնում ստորագրված ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին» համաձայնությունը:  

Այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը ԱԺ նիստում՝ տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից:

Համաձայնագիրը կնքվել է 7 տարի ժամկետով, որի գործողության ժամկետը 2 անգամ երկարաձգվել է 2009 թվականի մայիսի 15-ին և 2016 թվականի նոյեմբերի 25-ին ստորագրված համաձայնություններով: Համաձայնագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով 2024 թվականի մայիսի 2-ին Երևանում ստորագրվել է համաձայնագրի գործողության ժամկետը ևս 7 տարի ժամկետով՝ մինչև 2030 թվականի նոյեմբերի 30-ը երկարաձգելու մասին համաձայնություն, որը գործելու է 2023 թվականի նոյեմբերի 25-ից:

Համաձայնագրի նպատակն է ՀՀ-ի և ԱՄՆ-ի միջև ապահովել համագործակցություն՝ զանգվածային ոչնչացման զենքի տարածումը, ինչպես նաև այդպիսի զենքի հետ անմիջականորեն կապված տեխնոլոգիաների, նյութերի, գիտելիքների ու փորձի տարածմանը հակազդելու, միջուկային, կենսաբանական և քիմիական զենքերի, ինչպես նաև այդպիսի զենքերին անմիջականորեն վերաբերող հումքի չարտոնված փոխանցումը, տարանցումը և փոխադրումը կանխելու նպատակով: