Վարչապետը ԲՐԻԿՍ+-ի շրջանակում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վարչապետը ԲՐԻԿՍ+-ի շրջանակում ներկայացրեց «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԲՐԻԿՍ+ գագաթնաժողովի շրջանակում ներկայացրեց Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը իր ելույթում նախ շնորհակալություն հայտնեց Աութրիչ/ ԲՐԻԿՍ+  ձևաչափով հանդիպմանը մասնակցելու հրավերի համար և երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի Դաշնության նախագահին հյուրընկալության և գագաթնաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու համար։ 

Նա նշեց, որ հանդիպման թեման է «ԲՐԻԿՍ-ը և գլոբալ հարավը․ համատեղ կառուցենք ավելի լավ աշխարհ», և Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից հայտարարված «Խաղաղության խաչմերուկ» տրանսպորտային և հաղորդակցական նախագիծը լավագույնս տեղավորվում է այս համատեքստում:

«Նախագծի էությունը հետևյալն է՝ Հայաստանը պատրաստ և շահագրգռված է իր տարածքով տրանսպորտային միջոցների, բեռների, ուղևորների, խողովակաշարերի, մալուխային կապերի անցումը կազմակերպելու հարցում։ Սա ամենակարճ ճանապարհն է Սև ծովի և Պարսից ծոցի միջև՝ Իրանի Իսլամական Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Վրաստանի տարածքներով (հյուսիս-հարավ ուղղություն), ինչպես նաև ամենակարճ ճանապարհն է Կասպից և Մարմարա ծովերի միջև՝ Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի տարածքներով (արևելք-արևմուտք ուղղություն): 

Արևելք-արևմուտք ուղղությունը, բնականաբար, կարող է օգտագործվել նաև Ադրբեջանի Հանրապետության և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային և հաղորդակցական կապերի համար։ Հաշվի առնելով այս մոտեցումը՝ մենք Ադրբեջանին առաջարկել ենք սահմանային և մաքսային հսկողության ընթացակարգերի պարզեցման մեխանիզմներ, ինչպես նաև լրացուցիչ անվտանգության միջոցներ՝ հաշվի առնելով երկու երկրների իրավազորության և ինքնիշխանության լիակատար հարգանքը»,-նշեց Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Հայաստանի Հանրապետությունն ի վիճակի է ապահովել և լիարժեքորեն ապահովելու է իր տարածքով ապրանքների, ռեսուրսների, տրանսպորտային միջոցների և մարդկանց անցման անվտանգությունը։ 

«Սա մեր ցանկությունն է, մեր պարտավորությունը, և մենք դա երաշխավորում ենք և միշտ երաշխավորելու ենք։ Բոլոր հայտարարությունները, թե իբր Հայաստանը համաձայնել է իր ինքնիշխան տարածքում հաղորդակցությունների անվտանգության ապահովման գործում երրորդ երկրի մասնակցությանը, կամ որ դա նախատեսված է որևէ փաստաթղթով, իրականությանը չեն համապատասխանում»,- եզրափակեց Փաշինյանը։