ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին գերազանցել է 5.2 մլրդ դոլարը: Համաձայնագրի կնքման համար հիմք են հանդիսացել 2019 թվականին ուժի մեջ մտած` «Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի գոտու ձևավորմանն ուղղված ժամանակավոր համաձայնագրով» ամրագրված դրույթները: ԱԺ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը` ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի` հոկտեմբերի 25-ի նիստում քննարկման ներկայացնելով ««Եվրասիական տնտեսական միության և դրա անդամ պետությունների` մի կողմից, և Իրանի Իսլամական Հանրապետության` մյուս կողմից, միջև ազատ առևտրի մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
Համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի դեկտեմբերի 25-ին` Սանկտ Պետերբուրգում:
«Անհրաժեշտ է արձանագրել, որ Իրանը Մերձավոր Արևելքի խոշորագույն տնտեսություններից մեկն է ու Հայաստանի համար առանձնահատուկ կարևորություն ունեցող երկիր և հարավային ուղղությամբ առևտրի առանցքային տարր է ոչ միայն Հայաստանի, այլև ԵԱՏՄ երկրների համար»,- ընդգծել է նախարարը և հավելել, որ ժամանակավոր համաձայնագրի կնքումը թույլ է տվել շեշտակի ավելացնել ԵԱՏՄ-ի և Իրանի միջև առևտրաշրջանառությունը: «Եթե այն մինչ այդ մոտավորապես 2.4 մլրդ դոլար էր, ապա այժմ այն գերազանցել է 5.2 մլրդ դոլարը»,- հավելել է զեկուցողը: Նշված 5.2 մլրդ դրամից ավելի առևտրաշրջանառության մեջ Հայաստանի չափաբաժինը կազմում է 13.5 տոկոս` 700 մլն դոլար:
Համաձայնագիրը կարգավորում է կողմերի միջև տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ` զգալիորեն ընդլայնելով ժամանակավոր համաձայնագրով սահմանված` սակագնային արտոնություններ նախատեսող ապրանքային անվանացանկը, ինչպես նաև որակապես բարելավելով նախկինում արձանագրված սակագնային զիջումները:
Համաձայնագրի նպատակն է ԵԱՏՄ անդամ պետությունների միջև ստեղծել առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման պայմաններ` նպաստելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացմանը:
Համաձայնագրի կիրարկման արդյունքում նախատեսվում է էապես բարձրացնել ԵԱՏՄ անդամ պետությունների ապրանքների մրցունակությունն իրանական շուկայում` ավելացնելով արտահանման ծավալները և ակտիվացնելով կոոպերացիոն և ներդրումային համագործակցությունը:
Նախարարը պատասխանել է պատգամավորների հարցերին, տվել պարզաբանումներ:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին: