ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Կոբախիձեն՝ Օրբանին

ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է. Կոբախիձեն՝ Օրբանին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն ընդունել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին: Վրաստանի կառավարության մամուլի ծառայության տվյալով՝ հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները և տարբեր ոլորտներում համագործակցությանն առնչվող հարցեր։

Կոբախիձեն նշել է, որ ԵՄ-ին ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է: Նա շնորհակալություն է հայտնել Օրբանին եվրաինտեգրման ճանապարհին Հունգարիայի ցուցաբերած աջակցության համար։

«Ընդգծվել է երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների խորացման և ներդրումային ոլորտում Վրաստանի և Հունգարիայի միջև համագործակցության մասին համաձայնագրի կարևորությունը։ Առանձնահատուկ կարևորվել է Սև ծովի մալուխային նախագիծը, որը նախատեսվում է ուշադրության կենտրոնում պահել նաև ապագայում: Անդրադարձ է եղել Վրաստանի և Հունգարիայի միջև զբոսաշրջային կապերի դրական դինամիկային և համատեղ ծրագրերի իրականացմանը»:

Ավելի վաղ ԵՄ մի շարք երկրների նախարարներ քննադատել են Հունգարիայի վարչապետի այցը Վրաստան՝ այն անվանելով վաղաժամ և նշելով, Վիկտոր Օրբանը հանդես չի գալիս Եվրամիության անունից։