Մահաբեր ջրհեղեղից հետո Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Մահաբեր ջրհեղեղից հետո Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել

Չորեքշաբթի Իսպանիայի իշխանությունները հայտնել են, որ մոտ 100 մարդ է զոհվել երկրի ժամանակակից պատմության մեջ ամենամահաբեր ջրհեղեղի հետևանքով, երբ հորդառատ անձրևները հարվածել են արևելյան Վալենսիա շրջանին՝ քշելով կամուրջներ ու շենքեր:

Օդերևութաբանները հայտնել են, որ երեքշաբթի Վալենսիայի որոշ հատվածներում ութ ժամում մեկ տարվա տեղումներ են գրանցվել՝ առաջացնելով կուտակումներ մայրուղիներում և ջրասույզ անելով գյուղատնտեսական հողերը մի տարածաշրջանում, որն արտադրում է Իսպանիայում աճեցված ցիտրուսային մրգերի երկու երրորդը` երկիրը դարձնելով համաշխարհային առաջատար արտահանող:

Անձրևները հանգեցրել են էլեկտրականության անջատումների, փակվել են ճանապարհները, դադարեցվել է սովորական և արագընթաց գնացքների երթևեկությունը: Իսպանիայի պաշտպանության նախարար Մարգարիտա Ռոբլեսը երկրում տարերային աղետն աննախադեպ է անվանել: Իշխանությունները զգուշացրել են, որ զոհերի թիվը կարող է աճել:

Իսպանիայում եռօրյա սուգ է հայտարարվել, իշխանությունները խոստացել են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել տուժած շրջանների բնակիչներին: