Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները երկու անձի են բերման ենթարկել խորհրդարանի ընտրության օրը Մառնեուլի շրջանի ընտրատեղամասերից մեկում զանգվածաբար քվեաթերթիկներ լցոնելու մեղադրանքով։ Այս մասին ասվում է գերատեսչության հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ լցոնումների պատճառով այդ տեղամասում քվեարկությունը դադարեցվել է, իսկ քվեարկության արդյունքներն անվավեր են ճանաչվել։
Հանրապետության ներքին գործերի նախարարությունը նաև հայտնել է, որ խորհրդարանի ընտրության զանգվածային կեղծիքների մասին հայտարարած անձինք հրաժարվում են ցուցմունք տալ գլխավոր դատախազությունում, ինչը բարդացնում է գործի քննությունը:
«Դատախազությունը նրանց հորդորել է ժամանակին ներկայանալ քննչական գերատեսչություններ և սկսել համագործակցել՝ արագ, արդյունավետ և օբյեկտիվ քննություն ապահովելու համար»,- ասված է հայտարարության մեջ:
Վրաստանի գլխավոր դատախազությունը հետաքննում է խորհրդարանի ընտրության հնարավոր կեղծման 47 քրեական գործ, նշել են գերատեսչությունում։