Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ թափանցիկ են. ԱԳ նախարար

Ռուսաստանի հետ հարաբերությունները շատ թափանցիկ են. ԱԳ նախարար

ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադաձավ նաև ՌԴ-ի հետ հարաբերություններին՝ դրանք որակելով «շատ թափանցիկ»:

«Գիտեք, մենք ամուր տնտեսական կապերով ենք կապված, արտաքին քաղաքական որոշ հարցերում կան տարակարծություններ, միշտ չէ, որ մենք կիսում ենք միմյանց դիտարկումները: Դա վերաբերում է առանձին մեկ-երկու հարթակի, որին միասին անդամակցում ենք, օրինակ՝ ՀԱՊԿ-ը: Մեր վերաբերմունքը այս հարցում ևս հանրահայտ է: Կարծում ենք, որ ՀԱՊԿ-ը պատշաճ չի արձագանքել ՀՀ սահմանների և ինքնիշխան տարածքի նկատմամբ ռազմական ագրեսիային և այլն, բայց կան մի շարք ուղղություններ, որտեղ շարունակում ենք համագործակցությունը, օրինակ՝ ԵԱՏՄ շրջանակում»,- ասաց նախարարը: 

Ինչ վերաբերում է Վրաստանի հետ հարաբերություններին, ԱԳ նախարարը հիշեցրեց՝ ռազմավարական հարաբերությունների վերաբերյալ արդեն իսկ ստորագրված փաստաթուղթ ունենք:

«Արդարացի կլինի ասել, որ Վրաստանի հետ մենք, ըստ էության, միշտ էլ ռազմավարական հարաբերություններ ենք ունեցել, բայց հիմա արդեն երկու երկրներն այդ մասին ստորագրած փաստաթուղթ ունեն: Շարունակելու ենք զարգացնել հարաբերությունները Վրաստանի հետ»,- ընդգծեց ԱԳ նախարարը:

Արևելյան ուղղությամբ 2025-ին Հայաստանը կշարունակի համագործակցությունը Հնդկաստանի, Չինաստանի, մյուս գործընկերների հետ:

«Ղազախստանի հետ ունենք բավականին լավ դինամիկա: Երկար տարիների ընդմիջումից հետո տեղի ունեցավ Ղազախստանի նախագահի այցը ՀՀ, և ունենք լիակատար ըմբռնում, որ հարաբերությունների զարգացման դինամիկան 2025 թվականին ևս շատ լավը կլինի»,- հայտնեց Միրզոյանը: 

Ինչ վերաբերում է Սաուդյան Արաբիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո ստեղծված իրավիճակին, հայտնեց, որ կան ակտիվ փոխայցեր:

Նախարարն ընդգծեց՝ ՀՀ կառավարության արտաքին քաղաքական թիվ մեկ առաջնահերթությունը ՀՀ շուրջ խաղաղության, կայունության ապահովումն է և հարևանների հետ հարաբերությունների զարգացումը, նշեց՝ Հայաստանը զարգացնում է նաև հարաբերությունները երկկողմ ուղղություններով մի քանի գործընկերների հետ, ակտիվացնում մասնակցությունը միջազգային տարբեր հարթակներում: