Աստանան ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը կվերացնի ղազախական ապրանքների ներմուծման սահմանափակումները

Աստանան ակնկալում է, որ մեկ շաբաթվա ընթացքում Ռուսաստանը կվերացնի ղազախական ապրանքների ներմուծման սահմանափակումները

Ղազախստանի գյուղատնտեսության նախարարությունը և «Ռոսսելխոզնադզորը» Մոսկվայում խորհրդակցություն կանցկացնեն ՌԴ ղազախական արտադրանքի ներմուծման սահմանափակումների վերացման հարցով՝ հայտնել է հանրապետության ագրարային գերատեսչության ղեկավար Այդարբեկ Սապարովը: «Կարծում եմ՝ մեկ շաբաթվա ընթացքում կլուծենք այդ հարցը»,- ասել է նա լրագրողներին։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոսսելխոզնադզորը» 2024 թվականի հոկտեմբերի 17-ից ժամանակավոր սահմանափակումներ կկիրառի Ղազախստանից ՌԴ լոլիկի, պղպեղի, սեխի, ցորենի, կտավատի սերմերի և ոսպի ներմուծման հանդեպ։ Բացի դրանից՝ ժամանակավորապես սահմանափակվում է երրորդ երկրներից ցանքի համար արևածաղկի սերմի ներկրումը։

Մինչ այդ «Ռոսսելխոզնադզորը» դիմել էր Ղազախստանի գյուղատնտեսության նախարարության ագրոարդյունաբերական համալիրի պետական ​​տեսչական կոմիտեին՝ խնդրելով կասեցնել Ռուսաստան արտահանվող հացահատիկի և դրա վերամշակված արտադրանքի, լոլիկի, պղպեղի և արևածաղկի սերմերի բուսասանիտարական հավաստագրերի տրամադրումը։

«Ռոսսելխոզնադզորի» տվյալով՝ 2024 թվականի սկզբից Ղազախստանից Ռուսաստան առաքվող ապրանքներում Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների համար կարանտինային օբյեկտների 215 դեպք է հայտնաբերվել, ինչը չորս անգամ գերազանցում է 2023 թ. նույն ժամանակահատվածի ցուցանիշը։