Վրաստանը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ՝ հաշվի առնելով ազգային շահերը. Ղավելաշվիլի

Վրաստանը ցանկանում է դառնալ ԵՄ անդամ՝ հաշվի առնելով ազգային շահերը. Ղավելաշվիլի


Վրաստանի ընտրված նախագահ Միխեիլ Ղավելաշվիլին ասել է, որ Վրաստանը ցանկանում է դառնալ Եվրամիության անդամ՝ միևնույն ժամանակ պահպանելով իր ազգային շահերը։

Վրացական «Իմեդի» հեռուստաընկերության եթերում Ղավելաշվիլին մեկնաբանել է բողոքի ցույցերը Թբիլիսիում և Վրաստանի մյուս քաղաքներում, որոնք սկսվել են  վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունից հետո, թե Վրաստանը մինչև 2028 թվականը չի բարձրացնի Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունների մեկնարկի հարցը: Նա նշել է, որ ցանկանում է ակցիաներին անկեղծորեն մասնակցող քաղաքացիներին բացատրել, որ Վրաստանի իշխանությունները ոչ միայն չեն հրաժարվում ԵՄ-ին անդամակցությունից, այլև ընդհակառակը՝ տրամադրված են անդամակցության, սակայն պետք է փոխվեն տրամադրությունները եվրոպացի քաղաքական գործիչների շրջանում:

Նրա խոսքով՝ Եվրամիության հետ կապված, Վրաստանի իշխանությունները «ծրագրել են հստակ երկարաժամկետ գործընթաց», և երկիրը ձգտում է անդամակցել ԵՄ-ին։

Ղավելաշվիլին, միաժամանակ, հիշեցրել է Վրաստանի կառավարության ղեկավարի հայտարարությունը, ըստ որի երկիրը հենց հիմա էլ պատրաստ է ԵՄ-ի հետ ստորագրել փաստաթուղթը՝ անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու մասին, եթե Բրյուսելից նման առաջարկ ստանա: