Մենք կարևորել ենք Բաքվի և Երևանի միջև հումանիտար խնդիրների շուրջ երկխոսության վերսկսումը. Զախարովա

Մենք կարևորել ենք Բաքվի և Երևանի միջև հումանիտար խնդիրների շուրջ երկխոսության վերսկսումը. Զախարովա


ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովայի ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ պաշտոնյային հարց է ուղղվել, թե Մոսկվան ինչպես է մեկնաբանում խաղաղության պայմանագրի ստորագրման համար հայկական կողմին ներկայացվող Ադրբեջանի նոր պահանջները, որոնք վերաբերում են  այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» համայնքի հետ ուղիղ բանակցություններ սկսելուն: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը խորհուրդ է տվել Երևանին հարցնել, թե ինչպե՛ս են Հայաստանի իշխանությունները վերաբերվում այդ հայտարարություններին:

«Բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների տարրերից մեկը հումանիտար բլոկի քննարկումն է, ներառյալ այնպիսի հարցեր, ինչպիսիք են փախստականների իրավունքների պահպանումը, պատմամշակութային, կրոնական ժառանգության հուշարձանների պահպանումը, դրանց անվտանգ և ազատ հասանելիության ապահովումը, անհայտ կորածների որոնումը, ռազմագերիների ու կալանավորված անձանց փոխանակումը»,- ասել է նա և  հավելել.

«Մենք նշել ենք, որ կարևորում ենք Բաքվի և Երևանի միջև երկխոսության վերսկսումը հումանիտար բոլոր հարցերի շուրջ՝ ինչպես պաշտոնական, այնպես էլ հասարակական գծով։ Մենք մեր կողմից պատրաստ ենք աջակցել, եթե կողմերը ցանկանան օգտվել մեր հնարավորություններից»,- նշել է Զախարովան։