Գերմանիայում քաղաքական ուժերը համաձայնության են եկել իշխող կոալիցիայի շուրջ

Գերմանիայում քաղաքական ուժերը համաձայնության են եկել իշխող կոալիցիայի շուրջ


Քրիստոնեա-դեմոկրատական ​ և Սոցիալ-քրիստոնեական միությունների (CDU/CSU) դաշինքն ու Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցությունը (SPD) մի քանի շաբաթ տևած բանակցություններից հետո համաձայնության են եկել Բունդեսթագում նոր կառավարական կոալիցիա ստեղծելու շուրջ, հաղորդում են գերմանական լրատվամիջոցները։

Կողմերը դեռ պետք է պաշտոնապես հաստատեն համաձայնագիրը: SPD-ն ցանկանում է այն քվեարկության դնել առաջիկա շաբաթների ընթացքում։ CDU/CSU-ն իր հերթին նախատեսում է ոչ մեծ կուսակցական համաժողով անցկացնել։ Եթե կողմերը հաստատեն, ապա մայիսի սկզբին Ֆրիդրիխ Մերցը կարող է ընտրվել Գերմանիայի կանցլեր։

Bild թերթի փոխանցմամբ՝ կողմերը վերջապես պայմանավորվել են մի քանի առանցքային նախարարական պաշտոնի բաշխման հարցում։ Պարբերականը հայտնում է, որ CDU/CSU-ն կստանձնի ներքին և արտաքին գործերի նախարարությունները, SPD-ն՝ ֆինանսների, պաշտպանության և արդարադատության նախարարությունները:

Այսպիսով, CDU/CSU-ն կարող է ձեռնարկել միգրացիոն քաղաքականության խոստացված բարեփոխումները։ Մոտ 60 տարվա մեջ առաջին անգամ դաշինքը կղեկավարի նաև Գերմանիայի դիվանագիտությունը։