ԵՄ-ն պետք է բանակցի Ռուսաստանի հետ «նոր անվտանգության» շուրջ. Կոշտա

ԵՄ-ն պետք է բանակցի Ռուսաստանի հետ «նոր անվտանգության» շուրջ. Կոշտա


Եվրամիությունը պարտավոր է մասնակցել Ռուսաստանի հետ Ուկրաինայում պատերազմի ավարտի վերաբերյալ բանակցություններին՝ Եվրոպայի ապագա անվտանգության ճարտարապետությունը ուրվագծելու համար, հայտարարել է ԵՄ խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան։ Նրա կարծիքով՝ եթե ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «իրոք ցանկանում է, որ եվրոպացիներն ավելի շատ պատասխանատվություն ստանձնեն իրենց անվտանգության համար, ապա եվրոպացիները պետք է դառնան անվտանգության նոր ճարտարապետության զարգացման հիմնական խաղացողները»: Այդ մասին նա ասել է Financial Times-ի հետ հարցազրույցում:

27 եվրոպական երկիր ներառող ԵՄ Խորհրդի նախագահը հավելել է, որ Ռուսաստանն այսօր գլոբալ վտանգ է ներկայացնում, և այն սպառնալիք չէ միայն Ուկրաինայի համար։

Նա հիշեցրել է, որ Կրեմլի իշխանությունները «ագրեսիվ դիրքորոշում» ունեն Բալթյան երկրների՝ Էստոնիայի, Լատվիայի և Լիտվայի նկատմամբ, որոնք ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամներ են։ Անտոնիու Կոշտան նաև նշել է, որ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օկուպացված տարածքների տեսքով հենակետեր ունի Մոլդովայում և Վրաստանում»։

Երկու օր առաջ Ուկրաինայում և Ռուսաստանի Դաշնությունում Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելոգն ասել էր, որ եվրոպական երկրները բանակցությունների սեղանի շուրջ չեն նստի, սակայն նրանց կարծիքը հաշվի կառնվի։