Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը. Կավելաշվիլի

Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը. Կավելաշվիլի


Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնական երկօրյա այցով ժամանել է Բաքու և հանդիպել իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Իլհամ Ալիևի հետ: Հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ալիևը բարձր է գնահատել Կավելաշվիլու առաջին պաշտոնական այցն Ադրբեջան և կարևորել երկու հանրապետությունը միավորող նավթի և գազի, տրանսպորտի և կապի նախագծերը:

Նա ընդգծել է, որ առանց Վրաստանի անհնար է խոսել Եվրոպայի էներգետիկ անվտանգության մասին, քանի որ, նրա խոսքով՝ ադրբեջանական նավթն ու գազը Վրաստանի տարածքով է մատակարարվում 12 երկիր:

«Տրանսպորտային հաղորդակցության ոլորտում մենք ունենք նավահանգիստների և ճանապարհների ենթակառուցվածքային նախագծեր, որոնք մեր գործակցության անբաժանելի մասն են: Դրանք մեծ նշանակություն ունեցող նախագծեր են և ստեղծում են ոչ միայն Հարավային Կովկասի, այլև Եվրասիայի տրանսպորտային քարտեզը»,- ասել է Ալիևը: Ադրբեջանի նախագահն անդրադարձել է նաև իրադրությանը Հարավային Կովկասում և հույս հայտնել, որ տարածաշրջանում բոլոր հակամարտությունները կավարտվեն:

Իր հերթին Միխեիլ Կավելաշվիլին հաստատել է Վրաստանի պատրաստակամությունը՝ հետագայում ևս իր ներդրումն ունենալ Հարավային Կովկասում երկխոսության և դիվանագիտության խթանման գործընթացում։ Նա նշել է, որ Վրաստանը ողջունում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացի ավարտը, որը, ըստ Վրաստանի նախագահի, առաջընթաց է տարածաշրջանի ներուժն ու հնարավորությունները բացահայտելու և օգտագործելու համար:

«Հուսով ենք, որ մոտ ապագայում պատմական համաձայնագիր կստորագրվի, որը նշանակալից խթան կհանդիսանա տարածաշրջանում երկարաժամկետ ու կայուն խաղաղություն ապահովելու համար»,- ասել է Կավելաշվիլին:

Նա վստահեցրել է, որ Վրաստանը միշտ եղել է երկխոսության, դիվանագիտության ու խաղաղ գոյակցության կողմնակիցը Հարավային Կովկասում:

Կավելաշվիլու պաշտոնական այցը Հայաստան սպասվում է ապրիլի 28-29-ը: