ԱՄՆ-ը շատ մոտ է Ուկրաինայի հետ հանքարդյունաբերության մասին գործարքի կնքմանը. Թրամփ

ԱՄՆ-ը շատ մոտ է Ուկրաինայի հետ հանքարդյունաբերության մասին գործարքի կնքմանը. Թրամփ


Դոնալդ Թրամփը Էմանուել Մակրոնի հետ Սպիտակ տանը կայացած բանակցություններում հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունում է Եվրոպայի կողմից հրադադարի համաձայնագրի շրջանակում Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելու գաղափարը:

«Ես այդ հարցը նրան տվել եմ, նա խնդիր չի տեսնում»,- ասել է ԱՄՆ նախագահը:

Ֆրանսիայի նախագահը նշել է, որ նախ անհրաժեշտ է համաձայնության գալ զինադադարի, ապա՝ խաղաղության համաձայնագրի շուրջ, որը պետք է ներառի անվտանգության երաշխիքներ: Մակրոնի խոսքով՝ դրանց ապահովման գործում Եվրոպան պետք է իր դերը խաղա:

«Մենք պատրաստ ենք տրամադրել անվտանգության այդ երաշխիքները, որը կարող է ներառել նաև զորքերի ուղարկում, բայց դրանք այնտեղ կլինեին խաղաղությունը պահպանելու համար»,- ասել է Մակրոնը:

Դոնալդ Թրամփը նաև հայտնել է, որ Միացյալ Նահանգները «շատ մոտ է» Ուկրաինայի հետ հանքարդյունաբերության գործարքի կնքմանը, և որ ինքը կարող է հանդիպել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու հետ այս կամ հաջորդ շաբաթվա ընթացքում՝ համաձայնագիրը կնքելու համար:  

Թրամփին հարցրել են, թե արդյոք Ուկրաինան պատրա՞ստ է տարածք զիջել Ռուսաստանին պատերազմը դադարեցնելու բանակցությունների շրջանակներում, Թրամփը պատասխանել է՝ «Տեսնենք», հավելել՝ բանակցությունները նոր են սկսվում: