Միացյալ Նահանգները առաջարկել է Ռուսաստանի վերահսկողության տակ թողնել այն տարածքները, որոնք Մոսկվան զբաղեցրել է Ուկրաինայի հետ հակամարտության ժամանակ։ Այդ մասին ասվում է Ուկրաինայում խաղաղության վերաբերյալ առաջարկներում, որոնք ԱՄՆ-ն ներկայացրել է Ֆրանսիայում բանակցությունների ժամանակ, գրում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ եվրոպացի պաշտոնյաներին։
Միացյալ Նահանգները նաև առաջարկել է մեղմացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, օրակարգից հանել ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու ցանկությունը։
Գործակալությունը նշում է, որ հնչեցված առաջարկները թույլ կտան «արդյունավետորեն սառեցնել պատերազմը»։ Bloomberg-ի աղբյուրները հրաժարվել են քննարկումների վերաբերյալ լրացուցիչ մանրամասներ տրամադրել՝ վկայակոչելով բանակցությունների գաղտնի բնույթը։
Ըստ պարբերականի՝ կողմերը հրադադարի բանակցություններն անվանել են արդյունավետ, սակայն որևէ կոնկրետ արդյունքի մասին չեն հայտնել։ Bloomberg-ը հաղորդել է, որ եվրոպացի պաշտոնյաները ԱՄՆ-ից ապացույցներ են խնդրել այն մասին, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լուրջ է տրամադրված հրադադարի շուրջ բանակցություններին։
Գործակալության աղբյուրներից մեկն էլ հստակեցրել է, որ հնարավոր խաղաղության համաձայնագիրը վերջնական չի լինի, և եվրոպական երկրները չեն ճանաչի նոր տարածքների միացումը Ռուսաստանին։ Եվրոպական պետությունների իշխանությունների ներկայացուցիչները նշել են, որ Կիևին անվտանգության երաշխիքների տրամադրումն առանցքային պայման է, որը երաշխավորում է ցանկացած համաձայնագրի կենսունակությունը:
ԱՄՆ ազգային անվտանգության խորհուրդը չի մեկնաբանել այս տեղեկատվությունը։