Ղրիմի օկուպացիան չճանաչելու մասին Վոլոդիմիր Զելենսկու խոսքերը վնասում են Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին՝ հայտարարել է ԱՄՆ նախագահը:
«Ոչ ոք Զելենսկուն չի խնդրում Ղրիմը ճանաչել ռուսական տարածք, բայց եթե ուզում են Ղրիմը, ինչո՞ւ դրա համար չէին պայքարում 11 տարի առաջ: Զելենսկու նման բորբոքված հայտարարություններն են, որ դժվարացնում են այս պատերազմի կարգավորումը։ Նա պարծենալու առիթ չունի, խաղաքարտեր չունի։ Ուկրաինայի համար իրավիճակը սարսափելի է: Նա կարող է խաղաղություն ստանալ կամ պայքարել ևս երեք տարի, մինչև կկորցնի ամբողջ երկիրը: Ես կապ չունեմ Ռուսաստանի հետ, ես ցանկանում եմ փրկել ռուս և ուկրաինացի զինվորներին, որոնք անիմաստ զոհվում են»,- նշել է Դոնալդ Թրամփը։
Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանն էլ ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ կարծում էր՝ Վոլոդիմիր Զելենսկու հետ ավելի հեշտ կլիներ պայմանավորվել, սակայն ստացվում է, որ հիմա Ռուսաստանն է ավելի պատրաստ կարգավորման: ԱՄՆ նախագահը նաև տեղեկացրել է, որ առաջիկայում՝ Սաուդյան Արաբիա այցից հետո, հնարավոր է՝ հանդիպի Վլադիմիր Պուտինի հետ:
«Ես պարզապես ցանկանում եմ, որ պատերազմն ավարտվի: Ֆավորիտներ չունեմ: Ես գործարք եմ ուզում»,- նշել է Թրամփը: