ԱՄՆ Կոնգրեսի մարդու իրավունքների հարցերով Թոմ Լանթոսի հանձնաժողովում տեղի է ունեցել քննարկում՝ COP29-ի համաժողովից հետո Ադրբեջանում մարդու իրավունքների վերաբերյալ:
Հանձնաժողովի համանախագահ Քրիս Սմիթը հայտարարել է, որ COP29-ի անցկացմամբ Բաքուն ցանկանում էր մեծացնել իր միջազգային հեղինակությունը, սակայն ձախողվել է: Նա հիշեցրել է, որ շատ երկրներ կա՛մ չեն մասնակցել համաժողովին, կա՛մ ուղարկել են ոչ բարձր մակարդակի պատվիրակություններ: Կոնգրեսականի խոսքով՝ ի թիվս այլ խնդիրների, դա պայմանավորված է եղել նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակով:
Սմիթը նշել է, որ մարդու իրավունքների ոլորտի դիտարկողներն արձանագրել են՝ Ադրբեջանի ներսում և երկրից դուրս գտնվող Ադրբեջանի քաղաքացիների նկատմամբ ճնշումները սաստկացել են: Վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ների տվյալը՝ կոնգրեսականը նշել է, որ Ադրբեջանում կա 357 քաղբանտարկյալ:
Սմիթն անդրադարձել է նաև Բաքվում պահվող հայ գերիներին և ԼՂ նախկին ղեկավարությանը: Նրա խոսքով՝ Ադրբեջանն էթնիկ ատելություն է սերմանում՝ ստեղծելով արտաքին թշնամու կերպար: