Ապրիլի 30-ին Գերմանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցության (SPD) անդամները ձայների մեծամասնությամբ հավանություն են տվել Քրիստոնեա-դեմոկրատական և Քրիստոնեա-սոցիալական միությունների (CDU/CSU) պահպանողական դաշինքի հետ կոալիցիոն համաձայնագրին, հայտարարել է կուսակցության գլխավոր քարտուղար Մաթիաս Միրշը։
Համաձայնագիրը ստացել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամների 84,6 տոկոսի աջակցությունը, ինչը ճանապարհ է բացում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նոր կառավարության ձևավորման համար։
Համաձայնագիրը պաշտոնապես կստորագրվի մայիսի 5-ին, իսկ մայիսի 6-ին Բունդեսթագը քրիստոնեա-դեմոկրատների առաջնորդ Ֆրիդրիխ Մերցին կընտրի Գերմանիայի նոր կանցլեր։ Նույն օրը նրա կառավարության անդամները կերդվեն։
SPD-ի համանախագահ Լարս Կլինգբայլը իր կուսակցության կողմից միաձայն առաջադրվել է Գերմանիայի նոր փոխկանցլերի պաշտոնում։ Ակնկալվում է, որ նա նաև կզբաղեցնի ֆինանսների նախարարի պաշտոնը, հաղորդում են Reuters-ը և AFP-ն։
Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը (ՍԴԿ) նախատեսում է նոր կառավարության կազմում իր յոթ նախարարին նշանակել կոալիցիոն համաձայնագրի ստորագրման օրը՝ մայիսի 5-ին: ՔԴՄ/ՔՍՄ դաշինքն արդեն դա արել է ապրիլի 28-ին: