Սիրիայում ավարտվել է ռազմական գործողությունը Ասադի կողմնակիցների դեմ. Reuters

Սիրիայում ավարտվել է ռազմական գործողությունը Ասադի կողմնակիցների դեմ. Reuters


Սիրիայում ավարտվել է  Բաշար ալ-Ասադի կողմնակիցների դեմ ռազմական գործողությունը՝ ծովափնյա շրջաններում օրեր շարունակվող ինտենսիվ մարտերից հետո, հայտնել է երկրի պաշտպանության նախարարությունը։

Սիրիայի անցումային կառավարության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Հասան Աբդել Ղանին ասել է, որ պետական գերատեսչությունները կարող են վերսկսել իրենց աշխատանքը, իսկ անվտանգության ուժերը կշարունակեն վերացնել նախկին ռեժիմի հետևորդների սպառնալիքները, հաղորդում է Reuters-ը:

«Մենք ճանապարհ ենք հարթում կյանքը բնականոն հուն վերադարձնելու և անվտանգությունն ու կայունությունը ամրապնդելու համար»,- հայտարարել է նա:

Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ աշ-Շարաան ավելի վաղ խոստացել էր պատասխանատվության ենթարկել բախումների բոլոր մեղավորներին։ Նրա վարչակազմը հայտարարել է անկախ հանձնաժողովի ստեղծման մասին, որը կհետաքննի երկու կողմի սպանություններն ու հանցագործությունները։ Աբդուլ Ղանին հավելել է, որ անվտանգության ուժերը կհամագործակցեն հետաքննության հետ և կտրամադրեն տեղեկատվության լիարժեք հասանելիություն։