Վրաստանը պատրաստ է վերագործարկել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները. Կալաձե

Վրաստանը պատրաստ է վերագործարկել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները. Կալաձե


Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ Վրաստանի իշխանությունները պատրաստ են վերագործարկել ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունները:

Վրացական լրատվամիջոցների տվյալով՝ պաշտոնյան նշել է, որ վերջին երեք տարին շատ բարդ է եղել, սակայն հասարակությունը քաջ գիտակցում է, թե ինչ մարտահրավերների առջև է կանգնած երկիրը:

«Մենք բազմիցս պատրաստակամություն ենք հայտնել կարգավորել հարաբերությունները։ Այս ամբողջ ընթացքում մենք պաշտպանել ենք մեր շահերը, մեր երկիրը և թույլ չենք տվել որևէ մեկին Վրաստանն օգտագործել իր նպատակների համար»,- նշել է Թբիլիսիի քաղաքապետը:

Կալաձեն հույս է հայտնել, որ մոտ ապագայում կսկսվի Արևմուտքի հետ հարաբերությունների վերագործարկումը, ինչը դրական կանդրադառնա Վրաստանի վրա:

«ԱՄՆ նախագահը հայտարարել է «խորքային պետությանը» հաղթելու մտադրության մասին, և մենք ցանկանում ենք, որ այդ ամենն ազդի Վրաստանի վրա ոչ միայն հայտարարություններով, այլև կոնկրետ քայլերով, գործողություններով։ Անհրաժեշտ է վերագործարկել հարաբերությունները և սկսել մաքուր էջից»,- ընդգծել է քաղաքապետը։