ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Ռուսաստանի ղեկավարությունը ստիպված կլինի հրաժարվել ամբողջ Ուկրաինան գրավելու ցանկությունից՝ խաղաղության համաձայնագրի հասնելու համար։
«Ռուսաստանը ստիպված կլինի հրաժարվել ամբողջ Ուկրաինայից։ Որովհետև Ռուսաստանը ցանկանում է ամբողջ Ուկրաինան։ Եվ եթե ես չմիջամտեի, նրանք կպայքարեին դրա համար։ Ռուսաստանը չի ուզում այն տարածքը, որն այժմ ունի, նա ցանկանում է ամբողջ Ուկրաինան»,- ասել է ամերիկացի նախագահը NBC News-ի հետ հարցազրույցում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Մոսկվան զիջումների կգնա և կպահպանի իր վերահսկողության տակ վերցրած բոլոր տարածքներից առնվազն մեկը։
Ապրիլի 24-ին Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ զիջում է կատարել Ուկրաինայում հակամարտության կարգավորման գործընթացում և չի հավակնում ամբողջ ուկրաինական տարածքին: Ավելի ուշ նա կորցրած տարածքները, այդ թվում՝ Ղրիմը Ուկրաինային վերադարձնելու պահանջներն «անհեթեթ» է անվանել։
Ավելի վաղ էլ The Wall Street Journal-ը հաղորդել էր, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ ԱՄՆ առաջարկների ցանկը ներառում է կետեր, որոնք վերաբերում են, մասնավորապես, Ղրիմի՝ որպես ռուսական տարածք ԱՄՆ-ի պաշտոնական ճանաչմանը, նոր տարածաշրջանների նկատմամբ Ռուսաստանի վերահսկողության լուռ ճանաչմանը և Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հնարավորության վերաբերյալ քննարկումներն օրակարգից հանելուն։