Ջիդդայում ամերիկյան և ուկրաինական պատվիրակությունների միջև բանակցություններից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է. «Սա դրական զարգացում է, որը կարող է քայլ լինել դեպի համապարփակ, արդար և տևական խաղաղություն Ուկրաինայի համար: Գնդակն այժմ գտնվում է Ռուսաստանի դաշտում»: Եվրահանձնաժողովի ղեկավարը հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է իր դերը խաղալ խաղաղության բանակցություններում:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ ասել է, որ շնորհավորել է Դոնալդ Թրամփին և Վոլոդիմիր Զելենսկուն «հոյակապ առաջընթացի» կապակցությամբ և ողջունել Ջիդդայում ձեռք բերված համաձայնությունը։ «Այժմ Ռուսաստանը պետք է համաձայնի հրադադարի: Մեծ Բրիտանիան այս շաբաթ կհավաքի արևմտյան առաջնորդներին՝ քննարկելու հաջորդ քայլերը»,- ասել է Սթարմերը:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կոչ էր արել Եվրոպայի և ՆԱՏՕ-ի ռազմական ղեկավարությանը Ուկրաինայի համար մշակել անվտանգության հուսալի երաշխիքներ հրադադարի դեպքում՝ ինչպես նաև «հաշվի առնելով խաղաղության բանակցությունների արագացումը»։