Ֆրանսիայի նախագահը Ռուսաստանին վերջնաժամկետ է ներկայացրել Ուկրաինայում կրակը դադարեցնելու համար։ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ լրացուցիչ բանակցություններ կանցկացնի Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու և եվրոպացի առաջնորդների հետ, քանի որ Ռուսաստանին ներկայացված ԱՄՆ-ի և ԵՄ-ի առաջարկն անվերապահ 30-օրյա հրադադարի մասին, ուժի մեջ է մինչև երկուշաբթի երեկո։
«Մենք բոլորս պետք է հիմա ողջամիտ լինենք։ Կամ Ռուսաստանը լուրջ է և խաղաղություն է ուզում, կամ էլ լուրջ չէ, և մենք պետք է ավելի շատ պատժամիջոցներ կիրառենք»,- հավելել է Մակրոնը։
Մայիսի 12-ին՝ ավելի վաղ, Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆան Կոռնելիուսը զգուշացրել էր, որ Ռուսաստանը կբախվի պատժամիջոցների, եթե մինչև օրվա վերջ չհամաձայնի Ուկրաինայում անվերապահ 30-օրյա հրադադարին։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերն էլ հայտարարել է, որ Ռուսաստանի ցանկացած հակապահանջ 30-օրյա հրադադարի նախաձեռնությանը կդիտարկվի որպես հրադադարի մերժում։ Այս դեպքում, նրա խոսքով, մի շարք երկրներ արդեն պատրաստ են լրացուցիչ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։
Նույն օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն Ուկրաինային առաջարկել է մայիսի 15-ին Ստամբուլում վերսկսել ուղիղ բանակցություններն «առանց նախապայմանների»։ Սակայն իր ելույթում նա չի հիշատակել «վճռականների կոալիցիայի» նախաձեռնությունը՝ մայիսի 12-ից 30-օրյա հրադադարի մասին։
Մայիսի 11-ի երեկոյան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ մայիսի 12-ի հրադադարի առաջարկը մնում է «սեղանին»։ Նա նաև նշել է, որ Թուրքիայում կլինի հինգշաբթի՝ մայիսի 15-ին։