Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը խոստացել է վերանայել «խափանված» ներգաղթային համակարգը, որի բարեփոխումների թվում են վիզայի բոլոր դիմողների համար անգլերենի թեստերը խստացնելու ծրագրերը։
Դրանց համաձայն՝ ներգաղթյալները պետք է սպասեն արդեն 10 տարի, որպեսզի դիմեն Մեծ Բրիտանիայում բնակություն հաստատելու համար: Մինչ այդ նրանք կարող էին հինգ տարի անց ավտոմատ կերպով ստանալ կացության կարգավիճակ։
Լեյբորիստական կուսակցության երկար սպասված միգրացիոն կանոնները, որոնք շուտով կհրապարակվեն, «կստեղծեն վերահսկվող, ընտրողական և արդար համակարգ»՝ ասել է վարչապետը։
Վարչապետ Սթարմերը մեղադրել է արդյունաբերության ոլորտներին, որոնք «գրեթե կախված են էժան աշխատուժի ներմուծումից», և «ներդրումներ չեն անում տեղացիների հմտությունները զարգացնելու և համայնքում լավ աշխատանք ստեղծելու համար»։
Լեյբորիստները հայտարարել են Մեծ Բրիտանիա ներգաղթի բոլոր փուլերում անգլերենի իմացության պահանջներն ավելացնելու ծրագրի մասին: Առաջին անգամ չափահաս դիմորդները պետք է ցուցադրեն լեզվի տարրական հմտություններ՝ ինտեգրվելու, աշխատանք գտնելու և շահագործումից խուսափելու համար։
BBC-ն հայտնել է, որ փոփոխությունները, հավանաբար, կպահանջեն առաջնային օրենսդրության փոփոխություն, ինչը կհետաձգի դրանց կիրառումը մինչև 2026 թվականի խորհրդարանական հաջորդ նստաշրջանը։
Քննադատները նախազգուշացնում են, որ այս կանոնները կարող են հանգեցնել ընտանիքների պառակտման, եթե զույգերը կամ ծնողները դժվարանան անգլերեն սովորել: