Պուտինը խելագարվել է. Թրամփը` Ուկրաինային նոր հարվածների մասին

Պուտինը խելագարվել է. Թրամփը` Ուկրաինային նոր հարվածների մասին


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Ռուսաստանի կողմից Ուկրաինայի վրա զանգվածային հարձակումից մեկ օր անց անդրադարձել է դրան։ «Ես միշտ շատ լավ հարաբերություններ եմ ունեցել Վլադիմիր Պուտինի հետ, բայց նրա հետ ինչ-որ բան է պատահել։ Նա լրիվ խելքը թռցրել է»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը Truth Social սոցիալական ցանցում կիրակի՝ մայիսի 25-ին։

«Նա անտեղի բազմաթիվ մարդկանց է սպանում, և ես միայն զինվորների մասին չեմ խոսում»,- Պուտինի մասին Դոնալդ Թրամփը խոսել է լրագրողների հետ զրույցում։ «Մենք բանակցություններ ենք վարում, իսկ նա հրթիռներ է արձակում Կիևի և մյուս քաղաքների վրա։ Ինձ դա բոլորովին դուր չի գալիս»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Նրա խոսքով՝ ինքը միշտ էլ այն կարծիքին է եղել, որ Ռուսաստանի նախագահը «ցանկանում է ամբողջ Ուկրաինան, այլ ոչ թե դրա մի մասը»։ «Բայց եթե նա դա անի, ապա կհանգեցնի Ռուսաստանի անկմանը»,- վստահեցրել է Թրամփը։ Նա նաև նշել է, որ քննարկում է Մոսկվայի դեմ լրացուցիչ պատժամիջոցներ կիրառելու հնարավորությունը։

Միևնույն ժամանակ, ԱՄՆ նախագահը քննադատել է Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկուն։ Թրամփի խոսքով՝ Զելենսկին «իր երկրին լավություն չի անում իր հայտարարություններով»։ «Նրա բերանից դուրս եկող ամեն ինչ խնդիրներ է առաջացնում, ինձ դա դուր չի գալիս, և լավ կլինի, որ դա դադարեցվի»,- գրել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, որ Ուկրաինայում պատերազմը «Զելենսկու, Պուտինի և Բայդենի պատերազմն է, այլ ոչ թե Թրամփի, ինքը միայն օգնում է մարել մեծ ու տգեղ հրդեհները»: