Ախալքալաքում հարգեցին հույների ցեղասպանության զոհերի հիշատակը

Այսօր՝ մայիսի 19֊ին Ախալքալաքում հունական համայնքի ներկայացուցիչները եւ Ախալքալաքի այլ բնակիչներ հարգեցին 1916-1922թթ. Օսմանյան կայսրության ու Թուրքիայի հանրապետության կողմից իրականացրած Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակը:
Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղակայված խաչքարի մոտ հունական «Պատրիդա» կազմակերպության ներկայացուցիչները  Ախալքալաքցիների հետ ծաղիկներ խոնարհեցին՝ ի հիշատակ հույների ցեղասպանության զոհերի։

«Ե՛ւ հայերի, ե՛ւ հույների ցեղասպանությունը Թուրքիայի պատմության սեւ էջերից է, որն ինչ էլ արվի չի մաքրվելու։ Մեր պարտքն է միշտ հիշել, աղոթել մեր նախնիների հոգիների խաղաղության համար եւ միշտ պահանջելու ենք արդարություն, ժամանակակից Թուրքիան չի կարողանալու շրջանցել պատմության արյունոտ էջերը»,֊մեզ հետ զրույցում նշեց Ախալքալաքի հունական համայնքի ղեկավար Միխաիլ Կոլիկիդին։

Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը հոգեհանգստի կարգ մատուցեց եւ իր խոսքում նշեց, որ կրոնի համար նահատակվածները Աստծո արքայությունում հավերժական տեղ ունեն։ Ներկաները այցելեցին եկեղեցի եւ մոմեր վառեցին։

Նշենք, որ Հայոց ցեղասպանությունից մի քանի տարի անց Օսմանյան կայսրությունը Պոնտոսում հույների նկատմամբ իրականացրեց ցեղասպանություն: Ըստ տարբեր աղբյուրների` 1916-ից սկսվում է հույների զանգվածային բնաջնջումը: 1919 թ. մայիսի 19-ին Մուստաֆա Քեմալը` հանրապետական Թուրքիայի ապագա առաջին նախագահը, երբ ուղեւորվում է Պոնտոս, հակահունական քաղաքականությունը հասնում է իր գագաթնակետին: Այդ պատճառով էլ պոնտոսցի հույները հենց մայիսի 19-ին են նշում իրենց ցեղասպանության տարելիցը: