Անասնակերի պաշարներն անսպառ չեն, շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ. Արցախի պետնախարար

Անասնակերի պաշարներն անսպառ չեն, շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ. Արցախի պետնախարար



Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանն այսօր՝ մարտի 17-ին հրավիրել է խորհրդակցություն՝ նվիրված Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով անասնաբուծության ոլորտում առկա խնդիրներին:
Պետական նախարարը նշել է, որ կերային բազայի համալրման հետ կապված խնդիրները շարունակում են խորանալ և անհրաժեշտ են այդ ուղղությամբ լուրջ աշխատանքներ իրականացնել:
«Անասնակերի պակասը շարունակում է լրացվել պահուստային պաշարների հաշվին, բայց քանի որ պաշարներն անսպառ չեն, շրջափակման երկարաձգման պայմաններում կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Հետևաբար անհրաժեշտ է ճշգրիտ հաշվարկել առկա հնարավորություններն ու կարճ ժամանակամիջոցում ձեռնարկել խնդրի մեղմմանն ուղղված հետևողական աշխատանքներ»,- իր խոսքում նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Արցախի պետական նախարարը հանձնարարել է ոլորտի պատասխանատուներին սեղմ ժամկետներում ներկայացնել այս փուլում անհրաժեշտ անասնակերի ծավալը:
Անդրադարձ է կատարվել նաև մսի շուկայում տիրող իրավիճակին, ինչը, ըստ ոլորտի պատասխանատուների, կարող է կարգավորվել կենդանիների հասունացումից հետո:

Խորհրդակցությանը մասնակցել են գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներն ու փոխնախարարները, Գյուղի և գյուղատնտեսության աջակցության հիմնադրամի տնօրենը: