Հունգարիայի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Օրբան

Հունգարիայի կառավարությունը որոշում է կայացրել աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Օրբան


Հունգարիան աջակցում է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը, երկրի կառավարությունն արդեն համապատասխան որոշում է կայացրել՝ հայտարարել է Հունգարիայի վարչապետը: Վիկտոր Օրբանը հավելել է՝ այդ հարցով մշտական կապի մեջ են Թուրքիայի և Հյուսիսատլանտյան դաշինքի հետ։

 

Շվեդիայի եվրատլանտյան ինտեգրումը ՆԱՏՕ-ի անդամ երկրներից խոչընդոտել են միայն Հունգարիան և Թուրքիան: Ավելի վաղ Հունագրիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել էր, որ Բուդապեշտը կփոխի իր մոտեցումը, եթե Անկարան Ստոկհոլմի համար կանաչ լույս վառի: Սակայն Թուրքիան առայժմ չի հաստատել Դաշինքին անդամակցության՝ Ստոկհոլմի հայտը:

Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Շվեդիան չի կարողանա անդամակցել ՆԱՏՕ-ին Վիլնյուսում հուլիսի 11-12-ին կայանալիք գագաթնաժողովում: Նրա խոսքով՝ Թուրքիան պարզապես չի հասցնի վավերացնել Շվեդիայի հայտը, նույնիսկ եթե նման ցանկություն ունենա:

«Այնուհանդերձ, առաջիկա գագաթնաժողովում հնարավոր կլինի քաղաքական որոշում կայացնել»,- հավելել է պաշտոնյան։ Ստոլտենբերգը խոստացել է հուլիսի 10-ին հանդիպում անցկացնել Շվեդիայի և Թուրքիայի ներկայացուցիչների հետ երկրների միջև առկա տարաձայնությունները լուծելու համար: