Ֆրանսիական France 24 հեռուստաընկերությունն անդրադարձել է վերջերս տարածված ապատեղեկությանը, թե իբր Ֆրանսիան գաղտնի կերպով միջուկային թափոններ է տեղափոխել Հայաստան։
Հեռուստաընկերության ռեպորտաժում Կատարինա Մարշոն դ՛Աբրոն նշել է, որ կեղծ լուրը դարձել է «վիրուսային» և լայն տարածում ստացել սոցիալական ցանցերում: Օրինակ՝ X-ում 2.1 միլիոն դիտում է ունեցել հունիսի 25-ին կատարված մի հրապարակում, թե միջուկային էներգիայի ոլորտում գործող ֆրանսիական Orano ընկերությունը միջուկային թափոնների նոր աղբավայրի կարիք ունի, և որը, իբր, նրանք գտել են Հայաստանում։
Ավելին՝ նշվում է, թե իբր վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել է 1.6 միլիոն եվրոյի կասկածելի «նվիրատվություն» Ֆրանսիայից և դրա դիմաց հանձնել է տարածք ազգային պարկում։
«Բացի այդ, տարածվել է նաև «լրատվական» տեսանյութ՝ Courriere France 24 անունով մի լրատվամիջոցից։ Տեսանյութը ֆրանսերեն է, սակայն խիստ ակցենտով և ակնհայտորեն չի համապատասխանում պրոֆեսիոնալ լրագրության ստանդարտներին։ Այսպես կոչված «լուրն» ակտիվորեն տարածվում էր X-ի ռուսամետ էջերով»,- նշել է France 24- լրագրողը։
Հետագայում այդ ապատեղեկությունը հայտնվել է հայկական Green Armenia բնապահպանական ՀԿ կեղծ կայքում: Հասարակական կազմակերպության պաշտոնական կայքի հասցեն green-Armenia.org է, մինչդեռ կեղծ կայքի հասցեն greenArmenia.org՝ առանց գծիկի:
Լուրի կեղծ լինելը հաստատել է ֆրանսիական գիտական Science V լրատվամիջոցը:
Ֆրանսիական հեռուստաընկերության ռեպորտաժում բացահայտվում է նաև կեղծ լուրի տարածման աղբյուրը:
«Այդ կայքին էին հղում անում X-ի բոլոր գրառումները, բայց այդ կայքը կեղծ է։ Դոմեյնի գրանցման տվյալներից երևում է, որ այն ստեղծվել է վերջերս՝ 2025 թվականի հունիսի 16-ին, այսինքն՝ ընդամենը 10 օր առաջ։ Կայքի IP հասցեն ցույց է տալիս, որ այն Ֆրանսիայում չի ստեղծվել, այլ՝ Պերուում։ TF1-ի գործընկերները կայքը ուսումնասիրել են արհեստական բանականության գործիքներով և պարզել, որ բոլոր տեքստերը ստեղծվել են արհեստական բանականության միջոցով։ Կայքում բազմաթիվ անգամ հիշատակվել են հայտնի լրատվամիջոցների անուններ՝ այդ թվում France 24-ի։ Օրինակ՝ հրապարակել են պատկեր, որոնք իրականում պատրաստել էր հենց մեր՝ France 24-ի խմբագրությունը։ Հիմնականում բոլոր կեղծ հոդվածները ստորագրված են Ռոմեն Ֆակետի անունով՝ իրական ֆրանսիացի լրագրող, որը, ինչպես ինքն է հաստատել LinkedIn-ում, դարձել է անձնական տվյալների գողության զոհ։ Նրա անունը կեղծ կայքի կողմից օգտագործվել է առանց իր իմացության»,- նշել է Կատարինա Մարշոն դ՛Աբրոն։
Ըստ France-24-ի լրագրողի՝ այս համակարգված ապատեղեկատվության արշավն ունի ռուսական քարոզչության բնորոշ մեթոդներ, երբ ստեղծվում են կեղծ նորությունների կայքեր, յուրացվում են ուրիշների անունները՝ ապատեղեկատվությանն ավելի մեծ հավաստիություն հաղորդելու համար:
«Օրինակ՝ Green Armenia ՀԿ անվան տակ հանդես եկող կայքը, որտեղ հայտնվել էր այդ լուրը, կեղծ էր։ Իրական ՀԿ-ն գոյություն ունի, սակայն կեղծ կայքը ստեղծվել է հունիսի 18-ին՝ հենց «լուրերի» տարածման նախօրեին։ Իրական կայքի հասցեն է՝ green-armenia.org, իսկ կեղծինը՝ greenarmenia.org։ Փոքր տարբերություն, բայց էական։ Այն բանից հետո, երբ տեղեկությունը հայտնվեց այդ կեղծ կայքում, այն սկսեց լայն տարածում ստանալ X-ի ռուսամետ օգտատերերի կողմից։ Լուրն առաջ էին մղում դերակատարներ, որոնք կապ ունեն Ռուսաստանի կառավարության հետ։ Ի վերջո, ամենայն հավանականությամբ, այս արշավը համակարգվել է նաև Ադրբեջանի կողմից։ Կեղծիքը լայնորեն տարածվել է նաև ադրբեջանական մեդիայում՝ հեռուստատեսությամբ և լրատվական գործակալություններով։ Եզրակացություն՝ սա համակարգված ապատեղեկատվական արշավ է՝ ուղղված թե՛ Փարիզի, թե՛ Հայաստանի դեմ»,- եզրափակել է France 24-ի թղթակիցը։
Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով