«Ջավախք» հայրենակցական-բարեգործական ՀԿ նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանի գլխավորությամբ օգոստոսի 11-13-ը «Տոներն Ախալցխայում» ծրագրի շրջանակներում Ախալցխա էր այցելել ՀԿ-ի աշխատանքային խումբը, որի կազմում էին ծրագրի ղեկավար Նարինե Սիրականյանը և ծրագրի համակարգող Մարինե Այվազյանը։ Ախալցխայում աշխատանքային խմբին միացան ծրագրի կամավորներ Էդուարդ Այվազյանը, Լուիզա Մոսոյանը, Վլադ Նազարեթյանը և Հովհաննես Ստեփանյանը։
Աշխատանքային խմբի անդամներն այցելություններ կատարեցին Ախալցխա քաղաք, Սուխլիս, Ծղալթբիլա, Փոքր Պամաճ, Նաոխրեբ և Ծուղրութ գյուղերը։ Այցերի ընթացքում նրանք հանդիպումներ ունեցան տեղի բնակչության հետ՝ զրուցելով տեղում նշվող ազգային, կրոնական և տեղական տոների, դրանց խորհրդի և առանձնահատկությունների մասին։ Բնակիչները նշեցին, որ որոշ տոներ ժառանգել են իրենց վաղեմի նախնիներից, որոշ տոներ էլ առաջացել են ժամանակի ընթացքում, որոնք նշվում են մեծ ջերմությամբ։ Կան նաև տոներ, որոնց մասնակցում է թե՛ հայ և թե՛ վրացի բնակչությունը՝ ի ցույց դնելով երկու ժողովուրդների սերտ համակեցությունը և մշակութային երկխոսությունը։
Աշխատանքային թիմը այցելություններ կատարեց նաև սրբավայրեր և մշակութային հուշարձաններ, որոնք տոնակատարությունների անցկացման, մարդկանց համախմբման, համայնքային հիշողության վերականգնման և պահպանման կարևորագույն խթաններ են։ Հատուկ հետաքրքրություն առաջացրեց Ծուղրութ գյուղը, որտեղ պահվում են 10-րդ դարում գրված հայտնի «Ծուղրութի» Ավետարանը, ինչպես նաև 300-400 տարվա պատմություն ունեցող «Կարմիր» Ավետարանը։
Տոնակատարությունների ընթացքում առանձնանում են ավանդական պարերը, մասնավորապես «Ետ ու առաջ», «Կարնո քոչարի» և այլն, որոնք յուրովի են ներկայացվում շրջանի տարբեր գյուղերում։ Այդ պարերը դարձել են ոչ միայն տոնական հանդիսությունների անբաժան տարրեր, այլև՝ համայնքային պատկանելության և ազգային ինքնության պահպանման գործիք։
Առաջիկա օրերին ծրագրի կամավորները կայցելեն նաև Մեծ Պամաճ և Ծինուբան գյուղերը։ Նշենք, որ կամավորներն արդեն իսկ հասցրել են աշխատանքներ տանել Դամալա, Սազել և Օրալ գյուղերում։
«Ջավախք» ՀԲՀԿ-ի կողմից աջակցվող և իրականացվող «Տոներն Ախալցխայում» ծրագիրը կարևոր նախաձեռնություն է՝ ուղղված ոչ միայն համայնքներում հայկական ինքնության պահպանմանը, այլև՝ միջմշակութային կապերի ամրապնդմանը և երիտասարդ սերնդի ներգրավմանը ավանդական մշակութային գործընթացներին։ Այն նոր շունչ է հաղորդում հայկական ավանդույթների պահպանմանն ու տարածմանը Սամցխե Ջավախքի տարածաշրջանում։
Հիշեցնենք, որ ծրագիրն իրականացվում է Հայաստանի Հանրապետության Կրթության, գիտության, մշակույթի և ապորտի նախարարության դրամաշնորհի աջակցությամբ:



