Օգոստոսի 17-ին Հայ Առաքելական Եկեղեցին տոնեց Սբ Աստվածածնի Վերափոխման տոնը որը եկեղեցու տաղավար տոներից 4-րդն է։
Տոնի առթիվ սուրբ պատարագ մատուցվեց Ախալցիխեի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Եկեղեցում հանդիսապետությամբ Ախալցիխեի հարակից շրջանների հոգևոր հովիվ Արժ Տ Թորգոմ քհն Վարդանյանի։ Սուրբ պատարագին Տեր Հայրը մեկնեց տոնի խորհուրդը և շնորհավորեց ներկաներին։ Հավարտ սուրբ պատարագի կատարվեց խաղողօրհնեքի կարգ և բաժանվեց հավատավոր ժողովրդին։
ԱյնուհետևԱխալցիխեի և Բորժոմիի տարածաշրջանների հոգևոր տեսուչ, Հոգշ. Տ. Հակոբ աբղ. Սահակյանը Սուրբ Պատարագ մատուցեց Ախալցիխեի շրջանի Փոքր Պամաջ գյուղի անտառամիջում գտնվող Ախոն կոչվող Սուրբ Աստվածածին մատուռում։ Սուրբ Պատարագին մասնակցելու էին եկել ուխտավորներ շրջանի տարբեր բնակավայրերից՝ հավատքով ու սիրով համախմբված։
Պատարագի ընթացքում Հայր Սուրբը մեկնեց օրվա խորհուրդը, խրատներ ու օրհնություն բերեց հավատացյալներին և ջերմորեն շնորհավորեց բոլորին տոնի առթիվ։ Պատարագից հետո մատուռի բակում կատարվեց Խաղողօրհնեքի և մատաղի օրհնության արարողությունը՝ հնչեցնելով շնորհակալության աղոթք Աստծուն։
Տոնական օրը առավել գունեղ ու հիշարժան դարձնելու համար Հոգևոր Տեսչությունը կազմակերպել էր համերգային ու պարային գեղեցիկ ծրագիր, որտեղ իրենց շնորհները ներկայացրին տարածաշրջանի տաղանդաշատ երիտասարդները։ Օրվա եզրափակիչ ակնթարթը դարձավ երեխաների համար պատրաստված անակնկալը․ Հոգևոր Տեսչությունը նրանց նվիրեց ուրախություն ու ժպիտ պարգևող նվերներ։



