Պատերազմի և անկայունությունների հավանականությունը տարածաշրջանում հավասարվել է զրոյի. ՀՀ դեսպանը՝ Գերմանիայի խորհրդարանական պետքարտուղարին

Պատերազմի և անկայունությունների հավանականությունը տարածաշրջանում հավասարվել է զրոյի. ՀՀ դեսպանը՝ Գերմանիայի խորհրդարանական պետքարտուղարին


Օգոստոսի 19-ին ՀՀ դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հանդիպում է ունեցել ԳԴՀ թվայնացման և նորարարության դաշնային նախարարության խորհրդարանական պետքարտուղար Թոմաս Յարցոմբեկի հետ։ Այդ մասին սոցցանցի իր էջում գրել է դեսպանը։
 
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, թվայնացման ոլորտներում համագործակցության հնարավորություններին։
 
ՀՀ դեսպանը պետքարտուղարին է ներկայացրել տարածաշրջանի վերջին զարգացումները, մասնավորապես՝ նշելով.
 
«Հայաստանի, Ադրբեջանի և ողջ տարածաշրջանի համար մեկնարկել է խաղաղության և բարեկեցության դարաշրջան։ Խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի նախաստորագրմամբ օտարերյա ներդրողների համար հիմնական խոչընդոտ հանդիսացող անվտանգային ռիսկերը ամբողջապես չեզոքացվել են, պատերազմի և անկայունությունների հավանականությունը տարածաշրջանում հավասարվել է զրոյի։ Համաձայնագիրը մեծ հնարավորություն է ինչպես Հայաստանի, այնպես էլ բոլոր հարևան երկրների և Եվրոպական Միության համար»։
 
Դեսպան Ենգիբարյանը ներկայացրել է նաև ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը և Վաշինգոտնում ՀՀ վարչապետի, Ադրբեջանի և ԱՄՆ նախագահների միջև ստորագրված եռակողմ հռչակագիրը՝ նշելով որ այսպիսով հիմնադրվում է աշխարհի առևտրային խոշորագույն հանգույցներից մեկը։
 
«Trump Route for International Peace and Prosperity (TRIPP) ծրագրով, հիմնվելով պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության հիմնարար սկզբունքների վրա՝ ապաշրջափակվելու է ողջ տարածաշրջանը, ստեղծվելու է արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ լոգիստիկ շղթա։ Այսպիսով՝ վերջ է դրվել տասնամյակների շրջափակմանը, ինչը ոչ միայն նպաստելու է Հայաստանի և մեր տարածաշրջանի տնտեսական զարգացմանը, այլ ստեղծվել է հնարավորությունների պատուհան գերմանական ընկերությունների համար» — նշել է ՀՀ դեսպանը։
 
ՀՀ դեսպանը հայտնեց, որ Բեռլինում կայացած GITEX EUROPE 2025-ին մասնակցել է Հայաստանի գործարարներից բաղկացած պատվիրակություն, ովքեր հետաքրքրված են գործարար կապեր հաստատել գերմանական ընկերությունների հետ, միևնույն ժամանակ ուշադրություն հրավիրել DigiTec 2025 տեխնոլոգիական ցուցահանդեսի վրա, որը տեղի է ունենալու Երևանում առաջիկա հոկտեմբերին։ Զրուցակիցները քննարկել են Թվայնացման և նորարարության դաշնային նախարարության և Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ինչպես նաև հետաքրքրված ընկերությունների միջև համագործակցության հնարավորությունները։

 

Նյութերը գեներացվում են տարբեր կայքերից արհեստական բանականության միջոցով