Փետրվարի 24-ից 26-ը Ծաղկաձորում տեղի ունեցավ ուսանողական ակտիվ հանգիստ։ Ծաղկաձոր մեկնեցին 200 ջավախաքցի ուսանողներ՝ հանգստանալու և մասնակցելու բազմաթիվ մրցույթների։
Այս հանգիստը շատ լայն հնարավորություն էր Ջավախքցի ուսանողների համար ևս մեկ անգամ հավաքվելու նույն հարկի տակ, առավել սերտ շփվելու և իրար հետ հետաքրքիր ժամանակ անցկացնելու։
Առաջին օրը հյուրանոցում տեղավորվելուց հետո մասնակիցները մասնակցեցին «Մայրաքաղաք» մրցույթային խաղին` ցուցաբերելով ակտիվ մասնակցություն, խաղն ընթացավ մեծ ոգևորությամբ և բուռն մրցակցային քննարկումներով։ Այնուհետև տեղի ունեցան այլ մրցույթներ և ազգային պարերի ուսուցում։ Մրցույթային խաղերում հաղթողները պարգևատրվեցին գավաթներով ու մեդալներով։
Ծաղկաձորում մասնակիցները հանդիպեցին ՀՀ ԱԺ պատգամավոր, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի, «Ջավախք» բարեգործական հիմնադրամի գլխավոր տնօրեն պրն Արմեն Ավետիսյանի, Ջավախք բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ պրն Արտյուշա Գրիգորյանի, «Ջավախք» ուսանողական միության նախագահ պրն Էդկար Չախոյանի հետ, որի ժամանակ նրանք պատասխանեցին ուսանողների հարցերին, քննարկեցին նրանց մտահոգող խնդիրները: Հանդիպմանը ներկա էր նաև միջոցառման հովանավոր «Տաշիր» հիմնադրամի ներկայացուցիչը:
Ծրագրի գլխավոր պատասխանատու Է. Չախոյանը հանդիպման սկզբում ողջունեց բոլորին և ներկայացրեց 200 ջավախքցիների եռօրյա ակտիվ հանգստի կազմակերպման օրակարգն ու մասնակցության սկզբունքները և խոսքը փոխանցեց ՀՀ ԱԺ պատգամավոր Շ. Թորոսյանին:
Պատգամավոր Շիրակ Թորոսյանը նշեց. «Այս միջոցառումը աննախադեպ է ջավախահայ ուսանողության պատմության մեջ։ Մեր նպատակն է ավելի միասնական դարձնել ձեզ։ Մենք հենց միասնականությամբ է, որ ուժեղ ենք։ Մենք ապրում ենք այլ պետության տարածքում և կարողացել ենք պահել ազգային նկարագիրը առավել բարձր մակարդակով»։ Նա նշեց նաև, որ միշտ և ցանկացած հարցով պատրաստ է աջակցել ջավախքցի ուսանողներին։ Երիտասարդները բարձրաձայնեցին Ջավախքի հիմնախնդիրների հարցը և փորձեցին միասին լուծումներ գտնել։ Հանդիպման վերջում ուսանողներն իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին կազմակերպիչներին ու ծրագրի հովանավորողներին։
Մասնակիցների թիրախային նպատակը մեկն էր՝ ձեռք բերել նոր ընկերներ և հաճելի ժամանակ անցկացնել մտերմիկ միջավայրում։ Մասնակիցներից Անի Մեհրաբյանը մեր հետ զրույցում նշեց. «Ծաղկաձորի մեր հանգիստը իրականում հենց այնպիսին էր, ինչպիսին պիտի լիներ։ Հանգիստը շատ ակտիվ էր և այն վայելեցինք այս 3 օրերի ընթացքում։ Երբ 200 ջավախաքցի երիտասարդներ հավաքվում են մի վայրում, ուրեմն հաստատ լավ ժամանակն ու հանգիստը ապահովված են։ Հուսամ, որ շուտով էլի այսպիսի միջոցառումներ կլինեն, որ կհամախմբեն ջավախահայ երիտասարդներին»։
Եռօրյա ակտիվ հանգիստը կազմակերպվել է «Ջավախք» հիմնադրամի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանի, «Ջավախք» հայրենակցական միության նախագահ Շիրակ Թորոսյանի աջակցությամբ և «Տաշիր» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ։
Արմենուհի Հովսեփյան