Եթե մենք էլ Ուկրաինայի նման համառ պահանջենք, Եվրամիությունը կարող է սպառնալ Ադրբեջանին՝ պատժամիջոցներ կիրառել. Էդուարդ Այվազյան

Եթե մենք էլ Ուկրաինայի նման համառ պահանջենք, Եվրամիությունը կարող է սպառնալ Ադրբեջանին՝ պատժամիջոցներ կիրառել. Էդուարդ Այվազյան

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով արևմուտքը խստագույն պատժամիջոցներ է կիրառում Ռուսաստանի նկատմամբ, մասնավորապես Եվրոպան որոշել է հրաժարվել ռուսական գազից՝ փոխարենը Ադրբեջանը կսկսի ավելի շատ գազ մատակարարել Եվրոպային։ Հետաքրքիր է, սակայն, որ նույն արևմուտքը Ադրբեջանի նկատմամբ 44-օրյա պատերազմի ժամանակ պատժամիջոցներ չկիրառեց՝ անկախ առկա բազմաթիվ փաստական ռազմական հանցագործություններին։

ArmDaily.am-ի հետ զրույցում Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանն ասաց, որ ԵՄ-ն փաստարկված է պատժամիջոցներ կիրառում Ադրբեջանի նկատմամբ, քանի որ նաև Ուկրաինան այդ ուղղությամբ աշխատանքներ է տարել։ «Նախ սկսենք նրանից, որ ադրբեջանական նավթի մեծ մասը գնում է դեպի Եվրոպա։ Վերջին շաբաթներին տեղեկատվություն էր շրջանառվում, որ ՌԴ-ի դեմ պատժամիջոցների պարագայում Եվրամիությունն ուզում է նվազեցնել կախվածությունը ռուսական նավթից ու գազից եւ տարբերակներից մեկը, որի միջոցով դա անելու էր՝ Ադրբեջանն էր դիտարկվում։ Արդեն պարզ դարձավ, որ Ադրբեջանը ավելի շատ գազ է մատակարարելու ԵՄ-ին։ Մենք պետք է հասկանանք, որ ԵՄ-ն պատահական չի մտցնում պատժամիջոցներ Ռուսաստանի նկատմամբ։ Պատճառը Պուտինի ագրեսիվ քաղաքականությունն է հարևանների նկատմամբ, որը կոպտորեն խախտել է միջազգային օրենսդրությունը։ Հիմա կարող եք ասել, որ դա արևմուտքի եւ ՌԴ-ի պայքարն է և նմանատիպ միջազգային խախտումներ իրականացրել է նաև Ալիեւը՝ Հայաստանի ու Արցախի նկատմամբ։ Իրականացրել է ու իրականացնում է, սակայն այսօր աշխարհը այլ կերպ է ամեն ինչ ընկալում ու դրանից բացի պարզվում է, որ Ուկրաինայի իշխանությունները ավելի համառ են պահանջում արևմուտքից՝ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ»,-ասաց Այվազյանը։

Քաղաքական վերլուծաբանն ասաց, որ ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելու օրվանից Զելենսկինն ամեն օր պահանջում է աշխարհի տարբեր երկրներից նոր պատժամիջոցներ սահմանել ՌԴ-ի դեմ։

Նա շեշտում է, որ եթե մենք էլ նման կերպ պահանջենք, ապա, առնվազն, ԵՄ-ն կարող է սպառնալ կամ ակնարկել, որ պատժամիջոցներ կկիրառի Ադրբեջանի նկատմամբ, եթե վերջինս շարունակի ագրեսիվ քաղաքականություն վարել Հայաստանի ու Արցախի նկատմամբ և կրակել խաղաղ բնակավայրերի վրա։ «Դրանից բացի մենք տեսնում ենք, որ Արցախում հումանիտար աղետ է հասունանում այն պատճառով, որ Ադրբեջանը պայթեցրել է Արցախ գնացող գազատարը և չի թույլատրում վերանորոգել այն։ Հայաստանը պետք է հստակ աշխատանք կատարի այս ուղղությամբ և ՀՀ ԱԳՆ-ն օր ու գիշեր պետք է աշխատի այս ուղղությամբ ու վստահեցնում եմ Ձեզ, որ Եվրամիությունը կարձագանքի, կսպառնա կամ գոնե կակնարկի, որ նման քաղաքականության պարագայում Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ կկիրառվեն։ Այդ պարագայում վստահեցնում եմ Ձեզ, որ Ալիևը շատ ավելի զուսպ կլինի ու նույնիսկ չի լսի իր ավագ եղբայրների խորհրդին՝ կրակել Արցախի և Հայաստանի ուղղությամբ, հակառակ պարագայում վտանգի տակ կդնի երկրի ֆինանսական անվտանգությունը և իր սեփական արտասահմանյան ունեցվածքը։ Կարծում եմ՝ այս ամենին հնարավոր է հասնել, բայց դրա դիմաց Հայաստանը պետք է շատ ավելի կանխատեսելի դառնա արևմուտքի համար և միջազգային հարթակներում դեմ չքվեարկի արեւմուտքի շահերին»,-շեշտեց քաղաքական վերլուծաբանը։

Այվազյանը նշում է, որ Հայաստանն, ի տարբերություն Ադրբեջանի, շատ ավելի ժողովրդավարական երկիր է, իսկ Ադրբեջանում ավտորիտար ռեժիմ է։ Մեր հարցին, որ հատկապես 44-օրյա պատերազմից հետո պարզ չդարձա՞վ, որ արևմուտքի համար տնտեսական փոխհարաբերություններն ու դրանից ստացված շահույթներն ավելի առաջնային են, քան մարդու իրավունքները, քաղաքական վերլուծաբանն ասաց, որ բիզնես շահերը շատ մեծ կարևորություն ունեն ներկա պահին աշխարհում։ «Դա ևս մեծ կապ ունի, սակայն Դուք ճիշտ եք, բիզնես շահերը շատ մեծ կարևորություն ունեն ներկա աշխարհում ու դա ևս պետք է հաշվի առնել։ Կարծում եմ, հյուսիս-հարավը հրաշալի ծրագիր է, որը կարող է հավասարակշռել տվյալ հարցը։ Եթե Իրանի նկատմամբ սանկցիաները չեղարկվեն, իսկ դա կարծես իրական է դառնում, ՌԴ-արևմուտք լարվածության ֆոնին, իսկ Իրանն էլ հայտարարում է, որ կարող է նավթ արտահանել ինչքան դրա պահանջարկը լինի, ապա մնում է, որ այստեղ ևս ՀՀ իշխանությունները անհրաժեշտ կամք դրսևորեն և կարողանան միջանցք դառնալ իրանական նավթի և գազի համար։ Դա իհարկե ապագայի ծրագիր է, բայց այն կարող է շատ արագ կյանքի կոչվել, եթե չտրվենք արտաքին սպառնալիքներին, որոնք տվյալ ծրագրի ի հայտ գալուն պես թափվելու են Հայաստանի գլխին՝ հյուսիսային դաշնակցի կողմից»,- նշեց Այվազյանը։

 

Հայկա Ալոյան