Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորները մի շարք օրակարգային հարցեր են քննարկել

Հայաստանի և Արցախի խորհրդարանների պատգամավորները մի շարք օրակարգային հարցեր են քննարկել

Ադրբեջանը Հայաստանի կառավարության և ռուս խաղաղապահների աջակցությամբ տեղի ունեցած բանակցություններից հետո շարունակում է Հայաստանից Արցախ հասնող գազատարի նորոգման աշխատանքները: Արցախի խորհրդարանի պատգամավորները հուսով են՝ մարտի 8-ից կապույտ վառելիքից զրկված Արցախում օրեր անց գազամատակարարումը կվերականգնվի: Արցախի Ազգային ժողովի փոխնախագահ Գագիկ Բաղունցը գազատարի նորոգումը օրեր շարունակ խոչընդոտելու Ադրբեջանի հերթական սադրիչ քայլից խուճապի մատնվելու պատճառ չի տեսնում:

Գագիկ Բաղունց (Արցախի ԱԺ նախագահի տեղակալ) — Պետք է իրականորեն ընդունել նման ոտնձգությունները ադրբեջանական կողմից, դա եղել է, կա և, հաշվի առնելով մեր հարևանների մենթալիտետը, հետագայում էլ կլինի:

Անդրադարձավ եղավ նաև Խրամորթում ստեղծված իրավիճակին: Ադրբեջանը օրեր շարունակ տարբեր զինատեսակներով թիրախավորում էր գյուղը, բնակչությանը կոչ անում լքել այն:

Գագիկ Բաղունց — Խաղաղապահ ուժերի հետ միասին մեր ուժային կառույցները ապահովում են բնակչության անվտանգությունը:

Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված Ադրբեջանի ներկայացրած 5 կետանոց առաջարկների մասին.

Գագիկ Բաղունց — Ոչ մի առաջարկություն չի ընդունվի, որը կբացառի Արցախի Հանրապետության անկախության հասնելու խնդիրը և միանշանակ կբացառի Արցախի Հանրապետության և Արցախի ընդհանրապես ենթակայությունն Ադրբեջանին:

44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված տարածքներում հայկական կրոնական և մշակութային ժառանգության ոչնչացման վտանգը ևս հայկական երկու պետությունների օրենսդիրների ուշադրության կենտրոնում է: Արցախի ԱԺ պատգամավորները քառօրյա այցի ընթացքում Հայաստանի գործընկերների հետ քննարկել են նաև այս հարցը:

Սիսակ Գաբրիելյան (ՀՀ ԱԺ ԳԿՄՍԵՍ հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ) — Պայմանավորվածություն կա, որ նմանատիպ բոլոր դեպքերում անմիջապես իրենց կողմից ստանանք այդ ազդակները, և արագ արձագանքման խումբն անմիջապես տարբեր լեզուներով մեր միջազգային գործընկերներին կփոխանցի այն իրավիճակը, ինչ կա Արցախում:

Հանձնաժողովների համատեղ նիստի երկրորդ օրվա քննարկման թեման տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն էր: Պատգամավորներն ու ոլորտի մասնագետներն ընդգծեցին՝ այս ուղղության զարգացման խոչընդոտներից է որոշ համայնքներում համացանցի մալուխային կապի բացակայությունը, և սա այն դեպքում, որ Ադրբեջանը հաճախ խլացնում է անլար ինտերնետ կապը:

Սմբատ Պետրոսյան (Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ) — Այս տարի, օրինակ՝ մեր պետական բյուջեով կարողացել ենք նախատեսել 150 մլն դրամ, որով ուզում ենք այն բնակավայրերը, որտեղ օպերատորին շահութաբեր չէ այդ գործը անելը, մայրուղային մալուխն անցկացնելը, այդ մալուխն անցկացնենք:

Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը հայտնեց՝ ունեն նաև որակյալ մասնագետների պակաս: Այժմ կրթական գերատեսչության հետ աշխատանքներ են տարվում դպրոցներում տեղեկատվական տեխնոլոգիաների ուսուցումը խորացնելու ուղղությամբ: Դիտարկվում է նաև Հայաստանում աշխատող մասնագետներին Արցախ տեղափոխելու հնարավորությունը:

Սիսակ Գաբրիելյան — Այսօր Հայաստանի Հանրապետությունում գործող մի շարք IT ընկերություններ պատրաստակամություն ունեն իրենց գործունեությունը ծավալելու, որոշ մասը նաև տեղափոխվելու Արցախի Հանրապետություն: Այնտեղ նույնպես կան թվով մոտ 10 ընկերություններ: Այսօր նաև մեր հանդիպման մասնակիցներից մեկը բարձրաձայնեց, որ ինքը պատրաստ է և արդեն իսկ տեղափոխվելու է Արցախի Հանրապետություն:

Հայաստանի և Արցախի պատգամավորները երկօրյա նիստի ընթացքում անդրադարձել են նաև Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումներին: Արցախի պատվիրակությունը հետաքրքրվել է հատկապես ուսուցիչների ատեստավորման գործընթացով:

Հեղինակ՝ Նորայր Շողիկյան