Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը դիմել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին և ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչին՝ նրանց ուշադրությունը հրավիրելով Ադրբեջանի կողմից Արցախի գազամատակարարման դադարեցման վրա:
«Պարո՛ն Կլաար, Ադրբեջանի ղեկավարության «ակտիվ ներգրավվածությամբ» Լեռնային Ղարաբաղը կրկին զրկված է գազամատակարարումից: Անհամբեր սպասում եմ Ձեր արձագանքին: Տիկի՛ն Միյատովիչ, Ձեզ դեռ հետաքրքրո՞ւմ են մարդու իրավունքները»,- գրել է Ստեփանյանը Twitter-ի իր միկրոբլոգում:
Արցախի ՄԻՊ-ը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, Amnesty International-ի, Human Rights Watch-ի և մարդու իրավունքների պաշտպանությամբ զբաղվող այլ կազմակերպությունների ուշադրությունը նույնպես հրավիրել է Արցախում ստեղծված հումանիտար իրավիճակի վրա: