Ապրիլի 24-ն Ախալքալաքում

Ապրիլի 24-ն Ախալքալաքում

Այսօր՝ ապրիլի 24֊ին, վաղ առավոտվանից Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու բակում տեղադրված Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակի խաչքարի մոտ էին այցելում ախալքալաքցիները եւ ծաղիկներ խոնարհում։

Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում Հայոց Ցեղասպանության Սուրբ Նահատակների հիշատակին  մատուցվեց  Պատարագ: Օրվա պատարագիչը Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցու հոգևոր հովիվ  Տեր Նարեկ քահանա Տիգրանյանն էր:

 
Պատարագից հետո եկեղեցու բակում՝ ի հիշատակ Հայոց Ցեղասպանության զոհերի կանգնեցված խաչքարի մոտ,  Տեր Նշան վարդապետ Հմայակյանն ու  Տեր Նարեկ քահանա Տիգրանյանը կատարեցին Սրբոց Նահատակաց բարեխոսական կարգ, որին ներկա էր Ախալքալաքի Վրաց Ուղղափառ Եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ալեքսանդրե քահանա Քասրաշվիլին:

Ի հիշատակ անմեղ զոհերի ծաղիկներ խոնարհեցին նաև Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Սամվել Մանուկյանը, Ախալքալաքի շրջանային ժողովի նախագահ Նաիրի Իրիցյանը, Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ, կրթական հաստատությունների ու հասարակական կազմակերպությունների աշխատակիցներ եւ այլ քաղաքացիներ:

«107 տարի հետո հայ ժողովուրդը շարունակում է լինել պահանջատեր։ Յուրաքանչյուր տարի այցելելու ենք  եւ հարգելու զոհերի հիշատակը։ Եվ վերջապես գալու է ժամանակը, որ արդարությունը վերահաստատվի եւ աշխարհի խոշոր տերությունները պետք է ճանաչեն եւ դատապարտեն ոճրագործությունը, գալիք ցեղասպանություններ կանխելու համար» ,֊ մեզ հետ զրույցում նշեց Ախալքալաքի քաղաքապետ Մելքոն Մակարյանը։
107 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի ոճրագործությունն առ այսօր դատապարտված չէ։ Մեծ Եղեռնի հետեւանքով հայ ժողովուրդը սփռվեց ամբողջ աշխարհում եւ այս օրերին միասնաբար համայն հայությունը աղոթք է բարձրացնում առ Աստված զոհերի վառ հիշատակի եւ արդարաության վերահաստատման համար։

About Latest Posts Sona Tonakanian Latest posts by Sona Tonakanian (see all) Ապրիլի 24-ն Ախալքալաքում – 24.04.2022 Ջահերով երթ Ախալքալաքում – 23.04.2022 Հայոց Ցեղասպանության հիշատակին նվիրված միջոցառում ԱԵԿ֊ում – 23.04.2022