Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն սպառնացել է, որ ՆԱՏՕ-ն անհրաժեշտ պատասխան կտա դաշինքի անդամներից որևէ մեկի վրա «ամենափոքր հարձակման» դեպքում։ Այս մասին նա հայտարարել է Sabah թերթին տված հարցազրույցում։
Չավուշօղլուի խոսքով՝ Հյուսիսատլանտյան դաշինքը մտադիր չէ միջամտել Ուկրաինայի հակամարտությանը։ «Բայց եթե որևէ դաշնակցի վրա նույնիսկ ամենափոքր հարձակում լինի, մենք համապատասխան կերպով կպատասխանենք»,- զգուշացրել է նա:
Մևլութ Չավուշօղլուն ասել է, որ Բրազիլիայի նախագահը պատրաստակամություն է հայտնել կազմակերպելու մի շարք պետությունների առաջնորդների, այդ թվում՝ Թուրքիայի նախագահի այցը Ռուսաստան՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու համար։ Նա ընդգծել է, որ Անկարան անպայման կուսումնասիրի այդ առաջարկը։
Թուրքիան միաժամանակ շարունակում է ջանքեր գործադրել Ուկրաինայում ռազմական գործողությունները դադարեցնելու և Մոսկվայի և Կիևի միջև հակամարտությունը դադարեցնելու համար։ «Աշխատանքներ են տարվում նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վոլոդիմիր Զելենսկու միջև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ», — հավելել է Չավուշօղլուն։