Արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համատեքստում. Արայիկ Հարությունյան

Արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի համատեքստում. Արայիկ Հարությունյան


Արցախի նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից հայտնում են, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 3-ին հանդիպել է Արցախի հաշվեքննիչ պալատի աշխատակազմի պատասխանատուների հետ։

Պալատի նախագահ Տիգրան Ծատրյանը նախագահին է ներկայացրել գերատեսչության կողմից հաշվեքննության արդյունքներով արձանագրված անհամապատասխանությունների վերացման ու հետհսկողական աշխատանքների ընթացքը:

Արայիկ Հարությունյանը վերահաստատել է պետական միջոցների արդյունավետ օգտագործման վերաբերյալ ավելի վաղ հնչեցրած իր մոտեցումները՝ նշելով, որ այդ ուղղությամբ հաշվեքննիչ պալատի գործողությունները բոլոր փուլերում պետք է հետևողական լինեն:

Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակում Արցախի ապագա կարգավիճակի վերաբերյալ տարբեր շահարկումներին՝ ընդգծելով, որ որևէ պարագայում Արցախի իշխանությունները չեն պատրաստվում շեղվել ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքից, և արցախահայության համար խաղաղության օրակարգն ընդունելի է միայն այդ համատեքստում:

Հանդիպման ընթացքում Արցախի նախագահը նաև պատասխանել է ներկաներին հուզող հարցերին, քննարկված թեմաների վերաբերյալ տվել մի շարք հանձնարարականներ: