ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը գնահատել է Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակի շանսերը։ Բեռլինում դաշինքի ԱԳ նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ նա նշել է, որ Ուկրաինան կարող է հաղթել Ռուսաստանին՝ նշում են AFP և Reuters գործակալությունները։
Գլխավոր քարտուղարի խոսքով՝ հատուկ գործողությունը չի ընթանում ռուսական կողմի ծրագրով։ «Նրանց չհաջողվեց գրավել Կիևը, նահանջում են Խարկովից, և նրանց հիմնական հարձակումը Դոնբասում կանգ է առել»,- ասել է նա: Այդ առումով Ուկրաինան, ըստ Ստոլտենբերգի, «կարող է հաղթել այս պատերազմում»։ «Ուկրաինացիները խիզախորեն պաշտպանում են իրենց հայրենիքը»,- հավելել է գլխավոր քարտուղարը։
Ավելի վաղ Ստոլտենբերգը հորդորել էր պատրաստվել Ուկրաինայի տարածքում զինված հակամարտության հնարավոր երկարաձգմանը։ Նա կոչ է արել ակտիվացնել ծանր սպառազինության մատակարարումը Կիևին, ինչպես նաև թույլ չտալ, որ հակամարտությունը տարածվի այլ երկրներ։