Արցախի լրագրողի մասնագիտական տոնն է այսօր։ Այդ կապակցությամբ Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորական ուղերձ է հղել:
«Ամենայն համոզվածությամբ կարող ենք ասել, որ դուք Արցախի ինքնիշխան պետականության կառուցման ու կայացման գործի առաջամարտիկներից եք: Այս տարիների ընթացքում դուք յուրատեսակ կամուրջ էիք իշխանության ու հասարակության միջև: Միշտ բարձրաձայնել եք հասարակ մարդուն հուզող խնդիրների մասին, դարձել ուղեցույցը մեր անելիքների:
Լրագրողի մասնագիտությունը պահանջում է բանիմացություն, մարդկային շփումների հմտություններ, կոռեկտություն ու բարձր արհեստավարժություն: Այսօր, առավել քան երբևէ, լրագրողները պահանջված են տեղեկատվական դաշտի մարտահրավերներին դիմագրավելու համար:
Արցախի լրատվական դաշտի բանակն իր դերակատարությունն է ունեցել Արցախյան երեք պատերազմներում՝ դառնալով մեր պատմության տարեգիրը, տարածելով ճշմարտությունը, իր ձեռքին որպես զենք ունենալով տեսախցիկն ու համակարգիչը:
Դուք, վտանգելով ձեր կյանքը, բարձր նշաձող եք սահմանել լրագրողի մասնագիտության համար, վեր եք գտնվել մարդկային թուլություններից՝ հայրենիքի շահը վեր դասելով անձնական հարմարվետությունից: Մեր խոնարհումը ազատամարտում իրենց կյանքը նվիրաբերած լրագրողներին:
Ուզում եմ, որ ձեզ գնահատված զգաք ու շարունակեք ճշմարտությունը աշխարհին հասցնելու բարձր առաքելությունը, դիմակայեք առկա մարտահրավերներին՝ ձեր նպաստը բերելով Արցախի կայունությանը, մեր ժողովրդի համերաշխությանն ու միասնությանը:
Ձեր ուժը ձեր գրչի զորությունն է, թող այն բեղուն լինի, չընկրկի ժամանակավոր դժվարություններից, հավատարիմ մնա լրագրողական էթիկային ու չորրորդ իշխանություն լինելու պատասխանատվությանը:
Առողջ եղեք, ուշիմ ու բանիմաց, եռանդով լեցուն՝ նեցուկ եղեք ճնշվածին ու իր իրավունքներին տեր կանգնել չկարողացողին: Մենք հավատում ենք ձեզ»,- նշված է Թովմասյանի ուղերձում: